ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Իսրայելի ԱԳՆ-ն լծակներ չունի ազդելու Հայֆայի քաղաքային խորհրդի որոշման վրա. Հայֆայում կստեղծվի Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելում Թուրքիայի դեսպան Շաքիր Օզքան Թորունլերը պահանջել էր արգելել Հայֆա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրումը։ Նամակը հասցեագրված էր եղել Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոարին, որը ձեռնպահ էր մնացել պատասխանից և դիվանագետի դիմումն ուղարկել էր ԱԳՆ։ Իսրայելի ԱԳՆ ղեկավարությունը հուշահամալիրի հարցով խորհրդակցություններ էր անցկացրել։ Հանձնարարություն էր տրվել անպատասխան թողնել Թորունլարի նամակը։ Ընդգծվել էր, որ եթե թուրքական կողմը պնդի միջոցներ ձեռնարկել, ապա Անկարային կբացատրեն, որ խոսքը տեղական իշխանությունների որոշման մասին է, այլ ոչ թե Իսրայելի կառավարության կամ պետական կառույցի։
Չերնամորյանը հիշեցրեց, որ նման դեպք եղել է 2019-2020 թվականներին, երբ Պետախ Տիկվայի քաղաքապետարանը (հայ համայնքի ակտիվ մասնակցությամբ) որոշել էր Իսրայելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանը կանգնեցնել։
«Մենք փորձեցինք այդ մասին չբարձրաձայնել մինչև հուշարձանի տեղադրումը, սակայն մեծ աղմուկ բարձրացավ, ԱԳՆ ներկայացուցիչները եկան Պետախ Տիկվայի քաղաքապետարան։ Ադրբեջանցիներն էլ հանդիպել էին քաղաքապետին, պահանջել հանել հուշարձանը», - ասաց Չերնամորյանը։
Նրա խոսքով` Պետախ Տիկվայի քաղաքային իշխանություններին հաջողվել է դիմակայել հարձակումներին, և այժմ հուշարձանի մոտ ամեն տարի անցկացվում են միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նմանատիպ ճնշումների են ենթարկվել Իսրայելի մեծությամբ երրորդ քաղաքի՝ Հայֆայի իշխանությունները։ Իսրայելի հայերի միության նախագահը նշել է, որ նախատեսվում է հուշարձանը կանգնեցնել քաղաքի կենտրոնում՝ երկրի ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերից մեկից՝ Բահայի այգիներից ոչ հեռու։ Հենց այս պատճառով է, որ հուշարձան կանգնեցնելու որոշումը թուրքական կողմի համար էլ ավելի ցավագին է։
Չերնամորյանը վստահ է, որ թուրքերի ուշացած նախաձեռնությունը ձախողվելու է. Իսրայելում Թուրքիայի դեսպանը մարտի 9-ին է նամակ ուղարկել Իսրայելի պատկան մարմիններին, մինչդեռ Հայֆայի քաղաքային իշխանությունները հուշարձանի տեղադրման թույլատրությունը տվել են հունվարի 22-ին։ Չերնամորյանն ընդգծեց, որ Հայֆայի ավագանու որոշման վրա չի կարող ազդել արտաքին գործերի նախարարությունը կամ որևէ այլ կառույց, հետևաբար մարտի 20-ին ժամը 16:30-ին կբացվի հուշարձան տանող ցուցանակը։ Հուշարձանը պետք է կանգնեցվի երկու տարվա ընթացքում։
Ապրիլի 2-ին Պետախ Տիկվայում նաև տեղի կունենա քաղաքի հրապարակներից մեկի անվանափոխության հանդիսավոր արարողությունը՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։
Հիշեցնենք, որ Իսրայելը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հարցը բազմիցս բարձրացվել է Իսրայելի խորհրդարանում, սակայն ամեն անգամ համապատասխան բանաձևի ընդունումը հետաձգվել է։