ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ երկրում ՌԴ ռազմական ներկայությունը չպետք է ժամանակավոր լինի և սահմանափակվի միայն ահաբեկչության դեմ պայքարով։ Այս մասին Կրեմլում բանակցությունների ավարտից հետո ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է նախագահը։
«Ինչ վերաբերում է քաղաքական կողմին, ռազմաբազաների հարցը չպետք է կապել ահաբեկչության դեմ պայքարի հարցի հետ։ Ահաբեկչության դեմ պայքարն այսօրվա թեմա է, այն ժամանակավոր է։ Իսկ ռուսական ռազմական ներկայությունը ցանկացած երկրում չպետք է որևէ ժամանակավոր բանի վրա հիմնված լինի։ Մենք խոսում ենք միջազգային բալանսի մասին, և Սիրիայում ՌԴ ներկայությունը որպես Միջերկրական ծովում գտնվող երկիր, կապ ունի աշխարհում ուժերի հավասարակշռություն պահպանելու հետ», – ասել է Ասադը։
Նրա կարծիքով` գերտերություններն այսօր չեն կարող իրենք իրենց պաշտպանել կամ նման դեր կատարել միջազգային ասպարեզում` սահմանափակելով միայն սեփական պետության տարածքներում ներկայությամբ, նրանք պետք է անեն դա նաև սահմաններից դուրս դաշնակիցների միջոցով կամ բազաների օգնությամբ։