«Ռոստելեկոմը» մտափոխվել է․ հայկական «դստերը» չի վաճառի

Միխայիլ Օսեևսկու խոսքով` իրենց գոհացրել է ընկերության անցյալ տարվա արդյուքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. «Ռոստելեկոմը» որոշել է ակտիվորեն զարգացնել «GNC-Alfa»–ն, իսկ վաճառքի հարցն օրակարգից դուրս է եկել։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, տեղեկությունը լրագրողներին է հայտնել ռուսական ընկերության նախագահ Միխայիլ Օսեևսկին։
Նա նշել է, որ «GNC-Alfa»–ն Հայաստանում թողարկել է «Wink» թվային վիդեո ծառայությունը, ինչպես նաև տվյալների մշակման կենտրոն է կառուցում։
«Մենք շարունակում ենք աշխատել, ընկերությունը շատ լավ արդյունքով է ավարտել անցած տարին, մենք գոհ ենք»,– ասել է «Ռոստելեկոմի» ղեկավարը։
Հիշեցնենք՝ 2021 թվականի դեկտեմբերին Օսեևսկին ասել էր, որ «Ռոստելեկոմը» նախատեսում է «GNC-Alfa»-ն վաճառել 25 մլն դոլարով, իսկ 2022 թվականի հունվարին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլատրել էր, որ ռուսական օպերատորն իր հայկական «դստեր» բաժնետոմսերի 100 տոկոսը վաճառի «Molitro Holdings Limited» ընկերությանը։
«GNC-Alfa» ՓԲԸ–ն 2012 թ. դեկտեմբերից սկսել է Հայաստանի տարածքում կապի ծառայությունների առաջխաղացումը և վաճառքը «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցն ընդգրկում է երկրի տարածքի 80 տոկոսը և ունի ավելի քան 2.5 հազար կմ երկարություն։