ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ–գնդապետ Օնիկ Գասպարյանն այսօր մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ես նամակ ուղարկեցի ու ի տարբերություն շատերի, որոնք կաշկանդված են, նա միանգամից արձագանքեց։ Այսօր էլ ավելի քան 6 ժամ հանձնաժողովը լսեց նրան։ Էն,ինչ մենք արձանգրեցինք այսօր, շատ կարևոր է բանակում եղած շատ խնդիրներիապագայում միասնական լուծելու համար»,– նշեց ՔՊ ական պատգամավորը։
Նա հավելեց, որ հանդիպումը դեռ շարունակվելու է։
Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ Օնիկ Գասպարյանի այցելությունից առաջ էլ քննիչ հանձնաժողովում է եղել Գլխավոր շտաբի ներկայիս պետ Էդուարդ Ասրյանը։
«Բնականաբար ունենք ցանկ` ռազմական գործողություններին քաջ տիրապետող ամենակարևոր պաշտոնյաներով։ Սկսեցինք ներկայիս շտաբի պետով` հաշվի առնելով նրա նախկին պաշտոնն ու ինֆորմացված լինելը»,– ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ ավելի քան 6 ժամվա ընթացքում քննարկվել են տարբեր մանրամասներ` սկսած պատերազմից առաջ բանակի վիճակից, մինչև սպառազինություն ու կադրային համալրում։
ՔՊ– ական պատգամավորն ափսոսանք է հայտնում, որ Օնիկ Գասպարյանը գլխավոր շտաբի պետի պարտականություններին անցավ ավելի ուշ, քան պետք էր, այլապես ՀՀ ԶՈւ բարեփոխումների մի մեծ ճանապարհ անցած կլիներ։
Հիշեցնենք` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը 2021 թվականի փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ էր արել հավաքվել Հանրապետության հրապարակում` հեղափոխությունը պաշտպանելու համար։
Նա հայտնել էր նաև, որ ստորագրել է ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը։
ՀՀ նախագահը Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանը ստորագրել էր 2021-ի մարտի 10-ին։
Օնիկ Գասպարյանը դատարան էր դիմել պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով իրեն ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով։
2022–ի հունիսի 8–ին Վարչական դատարանը մերժեց այդ հայտը։