Մոլդովայի խորհրդարանն ընդունել է պետական լեզվի անվանափոխության մասին օրենքը

Մոլդովայի խորհրդարան
Որոշման հրապարակումից հետո իշխող կուսակցության պատգամավորները ծափահարել են։ Ընդդիմությունը մտադիր է որոշումը բողոքարկել Սահմանադրական դատարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Մոլդովայի խորհրդարանն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, որոնք թույլ են տալիս պետական լեզուն վերանվանել ռումիներեն: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն։
Մարտի 2-ին Մոլդովայի իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունն առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել պետական լեզուն ռումիներեն վերանվանելուն։ Նախաձեռնության հեղինակները վստահեցնում էին, որ ընդունված օրենքը Սահմանադրության փոփոխություն չէ, այլ ընդամենն ուղղված է Սահմանադրական դատարանի որոշման պահպանմանը, ըստ որի` պետական լեզուն ռումիներենն է։
«Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ հավանության է արժանացել 58 կողմ ձայնով։ Շնորհավորում եմ»,- ասել է Գրոսուն նիստի ժամանակ։
Իշխող կուսակցության պատգամավորները ծափահարել են։ Ընդդիմությունը մտադիր է որոշումը բողոքարկել Սահմանադրական դատարանում։
Մոլդովայի Սահմանադրական դատարանը 2013 թվականին որոշում է կայացրել, որ հանրապետությունում պետական լեզուն ռումիներենն է։ Ընդ որում՝ երկրի Սահմանադրության մեջ նշվում է, որ պետական լեզուն մոլդովերենն է։ Ըստ ՍԴ-ի` Մոլդովայի անկախության մասին հռչակագրի տեքստը, որում որպես պետական լեզու նշվում է ռումիներենը, ավելի ծանրակշիռ է, քան հանրապետության Սահմանադրությանը: