ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Ուկրաինայի իրադարձությունների հետաքննության միջազգային անկախ հանձնաժողովը այդ երկրի տարածքում ցեղասպանության նշաններ չի հայտնաբերել։ Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Էրիկ Մյոսեն։
Նշված հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախաձեռնությամբ։ Հանձնաժողովի անդամներին հանձնարարված է արձանագրել այն փաստերն ու հանգամանքները, որոնք կարող են որակվել որպես մարդու իրավունքների կամ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ։
Հանձնաժողովն այսօր զեկույց է ներկայացրել, որում Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար, «որոնցից շատերը ռազմական հանցագործություններ են»:
«Մենք Ուկրաինայի տարածքում ցեղասպանության նշաններ չենք հայտնաբերել»,- հայտարարել է Մյոսեն:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են մինչ օրս։