Ինֆանտինոն երրորդ անգամ վերընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահ

ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Ջանի Ինֆանտինոն 2016 թվականին փոխարինել էր իր հայրենակից Յոզեֆ Բլատերին, որը հրաժարական էր տվել կազմակերպությունում բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներից հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Շվեյցարացի Ջանի Ինֆանտինոն վերընտրվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնում: Ընտրությունները տեղի են ունեցել այսօր Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում կայացած ՖԻՖԱ-ի կոնգրեսում:
Ինֆանտինոն միակ թեկնածուն է եղել, ուստի ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն ընտրվել է առանց քվեարկության։
«ՖԻՖԱ-ի նախագահ լինելը հիանալի առավելություն է և հսկայական պատասխանատվություն։ Ինձ հուզեց ձեր աջակցությունն ու վստահությունը: Առաջնորդ լինել, նշանակում է լսել և սովորել։ Ես ամեն օր նոր բան եմ սովորում, դա հենց գործելու ունակությունն է: Դուք կարող եք վստահել ինձ և իմ նվիրվածությանը ՖԻՖԱ-ի արժեքներին։ Միակ բանը, որ ես խնդրում եմ` շարունակենք աշխատել միասին և միավորենք աշխարհը ֆուտբոլով», - ասել է Ինֆանտինոն։
Ջանի Ինֆանտինոն օրերս կդառնա 53 տարեկան, նա ընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահ 2016 թվականի փետրվարին: 2019 թվականի հունիսին Ինֆանտինոն վերընտրվել էր այդ պաշտոնում՝ կրկին առանց մրցակից ունենալու։