ՀՀ տնտեսական աճի շուրջ 6 տոկոսն ապահովել են ռուսաստանցի ռելոկանտները. նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ներկայացրել է ՀՀ տնտեսության աճում ՌԴ քաղաքացիների ունեցած ազդեցության թվային գնահատականները։
Sputnik
Ռուս–ուկրաինական կոնֆլիկտով պայմանավորված մարդկային ու ֆինանսական ներհոսքի ազդեցությունը Հայաստանի 2022թ–ի 12.6 տոկոսանոց տնտեսական աճում կազմել է շուրջ 6 տոկոս։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Ռուս–ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով ստեղծված իրավիճակը ստեղծել է դրական պայմաններ մեր տնտեսական աճի համար, որը թե՛ մարդկանց, թե՛ ֆինանսական միջոցների ներհոսքով է պայմանավորված, թե՛ մեր տնտեսվարողների համար հավելյալ հնարավորություններով։ Այս բոլոր ուղղություններով մենք ունենք բավական մեծ առաջխաղացում։ Եթե խոսենք այն մասին, թե որքան է կազմում այդ գործոնի ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա, մեր կարծիքով՝ դա կկազմի շուրջ 6 տոկոս։ Այսինքն` եթե այդ գործոնը չլիներ, մենք կունենայինք էլի 7 տոկոսին մոտ տնտեսական աճ»,– ասաց Հովհաննիսյանը։
Ֆինանսների նախարարը ներկայացրեց նաև պաշտոնական վիճակագրություն, որի համաձայն, 2022թ–ին ՌԴ–ից Հայաստան է ժամանել 790 000 մարդ, այն դեպքում, երբ 2021-ին այդ ցուցանիշը եղել է 351 000 կամ 2.3 անգամ պակաս։
Դրամական փոխանցումները դեպի Հայաստան 2022թ–ին կազմել են 5.2 մլրդ դոլար` 2021 թ–ի 2.1 մլրդ–ի փոխարեն։ Ընդ որում, 5.2 մլրդ դոլարից 3.6–ը Հայաստան է փոխանցվել ՌԴ–ից։
Հայաստանից արտերկիր 2022թ–ին փոխանցվել է 2.6 մլրդ դոլար, որից 2.2–ը փոխանցվել է երրորդ երկրներ (ոչ ՌԴ)։
Հիշեցնենք` 2023թ–ի հունվարին Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել էր, որ Հայաստանում 2022 թվականին գրանցված 12.5% տնտեսական աճը մասամբ պայմանավորված է ռուսաստանցի ռելոկանտների գործունեությամբ։