Հայտնի է աշխարհի լավագույն օդանավակայանը Skytrax-ի վարկածով

Անցյալ տարի Սինգապուրի օդանավակայանը հարցումների արդյունքներով երրորդ տեղն էր զբաղեցրել, բայց այս տարի նրան հաջողվել է վերականգնել կորցրած դիրքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Սինգապուրի «Չանգի» օդանավակայանն աշխարհում լավագույնն է ճանաչվել բրիտանական Skytrax ընկերության վարկածով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով 2022 թվականին ընկերության անցկացրած հարցման տվյալները։

Ուսումնասիրությունը ներառել է 100 օդանավակայան: Այսպիսով` «Չանգին», որն անցյալ տարի վարկանիշի երրորդ հորիզոնականն էր զբաղեցրել, կարողացել է վերադարձնել առաջատարի դիրքը։

Երկրորդ տեղում Կատարի մայրաքաղաք Դոհայի Համադի անվան օդանավակայանն է, երրորդում` Տոկիոյի Հանեդա օդանավակայանը։
Անցյալ տարի առաջին երեք տեղերը նույն քաղաքների օդանավակայաններն էին զբաղեցնում, բայց լավագույնը համարվում էր Դոհայի օդանավակայանը, որին հաջորդում էին Տոկիոյի և Սինգապուրի օդանավակայանները:
«Զվարթնոց» օդանավակայանի ընդլայման մասով ներդրումային ծրագիր է առաջարկվել. ՏԿԵ փոխնախարար
Skytrax-ը համաշխարհային օդային տրանսպորտի ոլորտում ծառայության որակի առաջատար գնահատողն է: Նրա վարկանիշները ամենահեղինակավորն են համարվում քաղաքացիական ավիացիայում, իսկ Skytrax World Airline Awards մրցանակները, որոնք շնորհվում են ուղևորների գոհունակության հետազոտության արդյունքների համաձայն, «Ավիացիոն Օսկարի» ոչ պաշտոնական կարգավիճակ ունեն։