Հայաստանը լավ գովազդում է հնդկական զենքը. փորձագետը` Երևանի և Նյու Դելիի մերձեցման մասին

ATAGS ինքնագնաց հաուբից. Արխիվային լուսանկար
Հնդկաստանը, որոշ գործոնների պատճառով, ռազմատեխնիկական համագործակցության առումով Հայաստանի համար ամենաօպտիմալ և ոչ խնդրահարույց գործընկերն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Հայաստանի ղեկավարությունը փորձում է դիվերսիֆիկացնել արտաքին պաշտպանական քաղաքականությունը, և այս առումով հնդկական ուղղությունը ամենահեռանկարայիններից մեկն է։ Sputnik Արմենիային տված մեկնաբանության մեջ այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
Փոխգործակցության զարգացման հարցերը, այդ թվում` ռազմատեխնիկական ոլորտում, ավելի վաղ քննարկվել էին Բահրեյնում Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի և նրա հնդիկ գործընկեր Օմ Բիրլայի հանդիպման ժամանակ:
«Հայաստանն այսօր ստիպված է որոշ չափով դիվերսիֆիկացնել արտաքին և պաշտպանական քաղաքականության ուղղությունները հաշվի առնելով այն, որ հիմնական դաշնակիցը ի դեմս Ռուսաստանի, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարող լիովին կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է երկկողմ պայմանագրերի և ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Նույնիսկ եթե ելնենք նրանից, որ պատճառներն օբյեկտիվ են, դա չի վերացնում սպառազինությունների մատակարարման ինչ-որ նոր աղբյուրներ փնտրելու անհրաժեշտությունը, քանի որ հայկական պետությունը կրկին կանգնած է նոր ագրեսիայի սպառնալիքի առաջ»,-ասաց Պողոսյանը, որը նույնպես վերջերս է վերադարձել Նյու Դելիից։
Հայկական Զինված ուժերի զինանոցի համալրման տեսանկյունից Հնդկաստանը բավականին հարմար և ոչ խնդրահարույց գործընկեր է։ Մեր զրուցակցի խոսքով՝ Հնդկաստանը շատ ամուր և սերտ համագործակցություն ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ մի շարք արևմտյան երկրների հետ, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում։ Եվ հայ-հնդկական փոխգործակցության զարգացումը առաջատար ուժային կենտրոնների կողմից որևէ բացասական արձագանքի չի հանդիպի։
Բացի այդ, Նյու Դելին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո ինքն է սկսել հետաքրքրություն ցուցաբերել Հարավային Կովկասի նկատմամբ։ Այդ հետաքրքրությունն առաջին հերթին կապված է Հնդկաստանի հիմնական մրցակից Պակիստանի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ակտիվ աջակցության հետ։ Վերջինիս չի կարող չանհանգստացնել Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի միջև աստիճանաբար ձևավորվող ռազմավարական գործընկերությունը։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը Հնդկաստանում հանդիպել է գործընկերոջ հետ
Կան, իհարկե, նաև աշխարհատնտեսական գործոններ, ինչպիսիք է, օրինակ, Հնդկաստանի և Եվրոպայի միջև առևտրային ուղիների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։ Այս տեսանկյունից Հայաստանի տարանցիկ հնարավորությունները կարող են կարևոր դեր խաղալ (այս մասին Երևանում դեռևս 2021թ.-ի հոկտեմբերին խոսել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը - խմբ.):
Վերադառնալով զենքի գործարքներին` Պողոսյանը նշեց, որ Հնդկաստանի համար այդ պայմանագրերը կարևոր են մի քանի գործոնների պատճառով։ Առաջնայինը զուտ առևտրային կողմն է։ Հասկանալի է, որ Հայաստանը հեռու է խոշոր գնորդի կարգավիճակից, սակայն հավելյալ 500 մլն դոլարը (հենց այդքան են կազմում նախկինում կնքված գործարքները, եթե հավատանք հնդկական ԶԼՄ-ներին) հնդկական ռազմարդյունաբերության զարգացմանը հաստատ չի խանգարի։
Երկրորդ՝ Հնդկաստանը մինչև վերջերս հիմնականում զենքը գնում էր այլ երկրներից՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իսրայելից և այլն։ Սակայն հիմա սեփական ռազմարդյունաբերական համալիր ստեղծելու խնդիր է դրված։ Երկրում սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ամենալայն սպեկտրի արտադրություն է գործում, և արտաքին շուկաներ մուտք գործելը չափազանց կարևոր է հնդկական ռազմարդյունաբերական համալիրի համար։
2022 թվականին Հնդկաստանն արտերկիր է արտահանել 1,5 մլրդ դոլարի պաշտպանական արտադրանք: Իսկ հաշվի առնելով այն, որ Հայաստանը փաստացի պատերազմական վիճակում է հարևան պետության հետ, հնդկական սպառազինությունների գնումը մյուս պոտենցիալ գործընկերներին ցույց է տալիս, թե որքանով են այդ սպառազինությունները որակյալ և արդյունավետ: Այս առումով Երևանի և Նյու Դելիի միջև պաշտպանական գործարքները կարելի է փոխշահավետ համարել։
Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանն իր հերթին որոշ ռիսկեր է տեսնում` կապված Հնդկաստանից կոնկրետ տեսակի հրետանային համակարգեր գնելու հետ։ Բանն այն է, որ Երևանը, ի թիվս այլ միջոցների, ձեռք է բերում նաև 155 մմ հաուբիցներ։ Նման տրամաչափի հրետանի հայկական բանակը երբեք չի ունեցել, նրա զինանոցում գերազանցապես 152 մմ և 122 մմ-անոց խորհրդային/ռուսական արտադրության զենքեր են։
Կարեն Բրուտյանը Հնդկաստանում քննարկել է ռազմական համագործակցության ընդլայնման հարցը
«Գնելով 155 և 115 մմ տրամաչափի հնդկական և այլ զենքեր` մենք ինքնըստինքյան դուրս ենք մղվում ՀԱՊԿ ստանդարտներից և միաժամանակ պոտենցիալ շուկա ենք դառնում զենքի արևմտյան արտադրողների համար։ Բայց մեր երկիրը զուտ ֆինանսապես ի վիճակի չէ արևմտյան բարձր գներով անհրաժեշտ քանակությամբ զինամթերք գնել այն հրետանային համակարգերի համար, որոնք գնում ենք Հնդկաստանից»,-մեր պարբերականի հետ զրույցում նշեց նա։
Նա կարծում է, որ ցանկալի կլիներ գնել այն սպառազինությունը, որը վաղուց ծանոթ է։ Քանի որ այդ դեպքում հնարավոր կլինի գումարի առումով ավելի մատչելի ռազմամթերք գնել ոչ միայն Ռուսաստանից, այլև Չինաստանից, Իրանից, Սերբիայից։ Հնդկաստանի հետ կարելի է համագործակցել հիմնականում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, անօդաչու թռչող սարքեր գնել։
Հիշեցնենք, որ անցյալ տարի հնդկական աղբյուրները մի քանի անգամ գրել էին Երեւանի և Նյու Դելիի միջև խոշոր ռազմատեխնիկական գործարքների մասին։ Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանը խոշոր պայմանագիր է ստորագրել, որի շրջանակներում Երևանը, մասնավորապես, գնել է հնդկական արտադրության Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։
Այնուհետև հրապարակումներ եղան ATAGS ինքնագնաց հաուբիցների, միջին հեռահարության MRSAM զենիթահրթիռային համալիրների, 155 մմ-անոց MArG հաուբիցների և այլ զինատեսակների գնման գործարքների վերաբերյալ: Հոկտեմբերին տեղի ունեցավ նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Նյու Դելի: 2023թ.-ի մարտին Հնդկաստան այցելեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել պաշտպանական գործարքների մասին հրապարակումները։