Հայաստանը կդառնա ՄԶԸ դոնոր. ֆինանսների նախարարը պարզաբանել է, թե ինչ կտա դա մեզ

Վահե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ սա ՀՀ իշխանության կամավոր որոշումն է, միջազգային կառույցների կողմից որևէ պարտադրանք չի եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Հայաստանը որոշել է դառնալ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) դոնոր` այդ նպատակով կազմակերպությանը փոխանցելով շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար։
Բյուջեից համապատասխան հատկացման մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։
Հետաքրքրական է, որ 2014 թվականից Հայաստանը Միջազգային զարգացման ընկերակցության աջակցությունից օգտվող երկիր չի հանդիսանում, քանի որ դասվում է միջին եկամուտ ունեցող երկրների շարքին։
Իսկ թե ինչ նպատակով է կառավարությունը որոշել այլ կարգավիճակով համագործակցել միջազգային ֆինանսական այդ կազմակերպության հետ ու ինչ կշահի այդ հավելյալ ծախսից մեր երկիրը, Sputnik Արմենիային պարզաբանել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Մենք որոշեցինք, որ Հայաստանն արդեն իսկ այնպիսի կարգավիճակ ունի, որ կարող է ինքը սկսել աջակցել կարիք ունեցող երկրներին, ինչպիսիք են ցածր եկամուտ ունեցող երկրները, որոնց շարքում ժամանակին նաև մենք էինք և օգնություն էինք ստանում։ Ես կարծում եմ, որ սա մշակութային ու հոգեբանական մի փոփոխություն է, որ մենք` որպես երկիր հասկանանք, որ հիմա, երբ մենք ավելի բարձր եկամուտ ունենք, պարտք ունենք վճարելու կարիքի մեջ գտնվող երկրներին»,– ասաց նախարարը։
Վահե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ սա ՀՀ իշխանության կամավոր որոշումն է, միջազգային կառույցների կողմից որևէ պարտադրանք չի եղել։
Ինչ վերաբերում է վճարվող գումարի չափին, ֆինանսների նախարարի բնորոշմամբ, գումարի չափը «սիմվոլիկ է», և այդ չափը ևս Հայաստանն ինքն է որոշել։
Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ ՀՀ հարևան բոլոր երկրները, բացի Իրանից, արդեն իսկ տարիներ շարունակ ՄԶԸ դոնորներ են։
ՄԶԸ բոլոր դոնոր երկրները կազմակերպությւնում ունեն 1-ական ձայնի իրավունք` անկախ վճարած գումարի չափից։
Վահե Հովհաննիսյանը և Մաչեյ Չուրան անդրադարձել են պետական պարտքի սպասարկման ռազմավարությանը
«Հետևաբար, Հայաստանը 1 մլն դոլար վճարելով, քվեարկելու է և քննարկելու է հարցերը, ինչպես, օրինակ, ԱՄՆ–ն»,– ասաց նախարարը։
Նշենք, որ ՄԶԸ դոնոր դառնալու որոշումը կառավարությունունն ընդունել էր դեռ մեկ շաբաթ առաջ` մարտի 9-ին կայացած նիստում։ Այսօրվա նիստում ընդունված որոշմամբ արդեն հստակեցվել է դոնորության գումարի չափը և որոշվել է համարժեք գումար հատկացնել ՀՀ պետական բյուջեից։