ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցները Հայաստանից ապրանքների մատակարարումների ծավալի աճի պատճառ դարձան։ Ընդ որում, պետություններն ամբողջությամբ դադարեցրել են դոլարով և եվրոյով փոխադարձ հաշվարկը։ Այս մասին «Վեդոմոստիին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով` վճարման համար արժույթի ընտրությունը առևտրային գործընկերների համար մեծ խնդիր է դարձել ստեղծված պայմաններում։ Բանն այն է, որ երկարաժամկետ պայմանագրեր կնքելու համար ռուսական ռուբլին այժմ չափազանց անկայուն է դոլարի և եվրոյի նկատմամբ, ուստի հայկական դրամն այժմ ավելի նախընտրելի է թվում։ Միևնույն ժամանակ, երկկողմ առևտրում օգտագործելու համար հայկական արժույթի ներուժը սահմանափակ է։
Փոխադարձ առևտրի հաշվարկներում ազգային արժույթի օգտագործման ընդլայնման մասին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են 2022 թվականի ապրիլին։
Նախարարը նաև նշել է անցյալ տարվա արդյունքներով Հայաստանից Ռուսաստան մատակարարումների կտրուկ աճի մասին։ 2022 թվականին Հայաստանից ՌԴ արտահանումը 850 մլն դոլարից հասել է 2,5 մլրդ դոլարի։ Պատճառը ռուսական շուկայից արևմտյան ընկերությունների հեռանալն է, ինչը հայկական մատակարարներին թույլ է տվել ընդլայնել բիզնեսը Ռուսաստանում։