Երկրաշարժերից հետո 200–ից ավելի սիրիահայեր ցանկանում են հայրենիք վերադառնալ. Սինանյան

Սինանյանի խոսքով` սիրիահայերը երկրաշարժերից հետո թե՛ սոցիալ–տնտեսական, թե՛ հոգեբանական ծանր վիճակում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Ուժգին երկրաշարժերից հետո Սիրիայում ծանր իրավիճակում հայտնված 200–ից ավելի հայեր ցանկանում են հայրենիք վերադառնալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Նա ընդգծեց, որ շատ նրբանկատ պետք է լինել Սիրիայից հայերի դուրս գալու խնդիրը քննարկելիս, քանի որ Սիրիան Հայատանի համար բարեկամ, եղբայրական պետություն է։
Բայց նաև չի կարելի արհամարել այն փաստը, որ Սիրիայում ապրող հայերից շատերն ուզում են Հայաստան վերադառնալ։
«Մենք ունենք արդեն մեր այն հայրենակիցների ցուցակները, որոնք ուզում են հեռանալ Սիրիայից և գալ Հայաստան»,–ասաց Սինանյանը։
Նրա խոսքով` սիրիահայերին Հայաստան բերելու, տեղավորելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
Սինանյանն ընդգծեց, որ սիրիահայերը երկրաշարժերից հետո թե՛ սոցիալ–տնտեսական, թե՛ հոգեբանական ծանր վիճակում են։
«Չնայած նրան, որ երկրաշարժից հետո ՀՀ արտգործնախարարը հումանիտար օգնություն է տարել սիրիահայերին, իսկ Հայաստան հիմնադրամի միջոցով 140.000 ԱՄՆ դոլար է փոխանցվել համայնքային կառույցներին, դա ֆունդամենտալ լուծում չէ»,–ասաց նա։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ, երկրաշարժի զոհ է դարձել 48 000–ից ավել մարդ։
Սիրիայում նույն երկրաշարժի զոհերի թիվն անցել է 8500-ը։
Հայաստանը Սիրիա առաջին մարդասիրական օգնությունն ուղարկել է փետրվարի 8-ին` 30 տոննա, իսկ փետրվարի 14-ին հայտնի դարձավ ևս 25 տոննա բեռ ուղարկելու մասին։