ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում այսօր մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Երեկ կայացել է մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, մասնակից երկրների դրոշների շքերթն ու առաջնության վիճակահանությունը: Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի դրոշակակիրը եղել է Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը։
Մրցումային առաջին օրը՝ մարտի 16-ին, Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ դուրս կգա միայն 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան։ Մեկնարկային մենամարտում նրա մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Դելֆինե Մանչինին:
Հայաստանի կանանց հավաքականում ընդգրկված են նաև Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ ), Էլիդա Քոչարյանը (60 կգ ), Սոնա Հարությունյանը (63 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ): Հայաստանի ներկայացուցիչներն աշխարհի առաջնությունում հանդես կգան Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ:
Մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 մլն դոլար: Հաղթողը կստանա 100 հազար դոլար, իսկ 2-3-րդ տեղերը զբաղեցրածները՝ 50 և 25 հազարական դոլար:
Առաջնությանն այս տարի ռեկորդային՝ 333 մասնակիցներ են հայտավորվել:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի մարտի 16-26-ը: