Ավտոմեքենաների հերթեր Գյումրու մաքսատանը. ի՞նչ է պատահել, և ինչպե՞ս է լուծվում խնդիրը

Գյումրիում մաքսազերծման համար հերթ կանգնած մեքենաների շարասյուն
Վերջին շաբաթվա ընթացքում Գյումրու մաքսակետում ներկրվող մեքենաներով բեռնված բեռնատարների բազմակիլոմետրանոց հերթեր էի ն գոյացել։ Թե ինչն էր պատճառը, և արդյոք հաջողվել է վերացնել դրանք, ընթերցեք Sputnik Արմենիայի հոդվածում։
Sputnik

Ի՞նչ են ասում դիլերները

Ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների խնդիրը մասամբ լուծվել է։ Եթե դեռ երկու օր առաջ կեսօրին կտրոն վերցնողները հերթում 175-րդն էին, ապա այս պահին հերթը 10 անգամ կրճատվել է․ մեր թղթակիցները տեղում են համոզվել։ Դեռ մի քանի օր առաջ այստեղ կիլոմետրանոց հերթ էր։
Դիլերներից մեկը՝ Արտյոմը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրավիճակն այնքան էլ վատ չէ։ Նա նշեց, որ առավոտյան ժամը 09:00-ից է մաքսակետում ու արդեն երկու մեքենա է ձևակերպել, երրորդը մոտենում է:
Արտյոմը
«Էնքան էլ վատ չի։ Օր է եղել, որ չենք հասցրել մաքսազերծել բոլոր մեքենաները», - ասաց Արտյոմը:
Ներկրողներից մեկը, որը չցանկացավ նշել իր անունը, ասաց, որ Վրաստանում նմանատիպ ընթացակարգերն ավելի արագ ու հեշտ են տեղի ունենում:
Գյումրիում մաքսազերծման համար հերթ կանգնած մեքենաներ
Միջնորդ Աննայի համար (անունը փոխվել է) նման խնդիրները սովորական են դարձել։Մեզ հետ զրույցում նա մաքսազերծման հետ կապված մի շարք խնդիրներ առանձնացրեց։
Կնոջ խոսքով՝ անցյալ տարի աշնանը մաքսային ծառայության աշխատակիցների աշխատանքային ժամերը տրանսպորտային միջոցների ներհոսքի պատճառով 12 ժամ էին դարձրել՝ 09:00-ից մինչև 21:00-ն, բայց որոշ ժամանակ անց վերադարձել են սովորական աշխատանքային գրաֆիկին՝ 09:00-ից մինչև 17:00: Մյուս խնդիրն այն է, որ չկան լրացուցիչ տարածքներ, որտեղ ներկրողները կկարողանան բեռնաթափել բեռնարկղերն ու ժամանակին վերադարձնել դրանք վրացական նավահանգիստներ։ Բանն այն է, որ նավագնացային ընկերությունը պարապուրդի յուրաքանչյուր օրվա համար (բեռնախցիկի վերադարձի նշված ժամկետի ավարտից հետո) տուգանք է սահմանում՝ օրական 100 դոլար։
Ընթացակարգը ձգձգվում է նաև մեկ այլ պատճառով՝ փաստաթղթերի մշակման և մաքսատուրքերի վճարման համար պետք է երկու տարբեր կտրոն վերցնել։
Կտրոն

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում իշխանությունը

Հայաստան ներկրվող տրանսպորտային միջոցների ներհոսքը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով, քանի որ մեքենաների առյուծի բաժինը մեր երկրում մաքսազերծվելուց հետո արտահանվում է։
Ավտոմաքսատուն
Օրերս լրագրողների հետ զրույցում Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը պարզաբանել էր, որ Գյումրու մաքսատան աշխատակիցները հսկայական աշխատանք են կատարում՝ օրական 200-ից ավելի տարանցման հայտարարագիր է գրվում, և ավելի քան 200 մաքսազերծման պրոցես է կատարվում։

«Վերջին ամիսներին թիվն այնքան է մեծացել, որ մենք ժամանակավոր թե՛ արևելյան մաքսատանը՝ Վանաձորում, թե՛ Երևանում կազմակերպեցինք գործընթացը։ Այնտեղ հոսքերի հետ կապված խնդիրներ առաջացան, և հիմա Գյումրիում, բնականաբար, մեծ հերթեր են։
Արդեն զրուցել ենք համայնքի ղեկավարության հետ, որ ավելացնենք մաքսային տերմինալին հարող տարածքը և ընդլայնենք այն», - ասել էր Բադասյանը։
Նրա կարծիքով՝ դա չի նվազեցնի մեքենաների հոսքը, սակայն կկրճատի հերթերն ու մաքսազերծման ժամանակը աշխատակիցների թվի ավելացման հաշվին։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դիլերներից բազմաթիվ բողոքներ ստանալուց հետո իր գործընկերների հետ անձամբ է այցելել մաքսատուն և ծանոթացել խնդիրներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա առանձնացրեց մի քանի հիմնական գործոն, որոնք հանգեցնում են նմանատիպ իրավիճակի։ Դրանցից մեկը մաքսատան չափերն են։
«Հաճախ քաղաքացիները չեն կարողանում մտնել այն տարածք, որտեղ պետք է տեղի ունենան կցորդիչների կամ մեքենա տեղափոխող բեռնատարների բեռնաթափումն ու մեքենաների մաքսազերծման հետագա ընթացակարգերը» - ասաց Խաչատրյանը:
Այժմ որոշ մասնավոր ընկերությունների թույլատրվել է Գյումրումաքսատանը կից լրացուցիչ տարածքներ ներգրավել, որպեսզի մեքենաների մեծ հոսքի դեպքում հնարավոր լինի օգտագործել դրանք։ Պատգամավորը նախաձեռնությունը թեև ուշացած, բայց դրական է համարում։
Նա նաև հայտնեց, որ աշխատանքը բեռնաթափելու համար ևս 10 հոգի է աշխատանքի ընդունվել, բայց նրանք դեռ վերապատրաստվում են։
Հիշեցնենք` Գյումրու ավտոմաքսատունը բացվեց 2019 թվականի նոյեմբերին։ Այս մաքսատան գործարկմամբ նախատեսվում էր բեռնաթափել հյուսիսային մաքսակետերը (Բագրատաշեն, Գոգավան, Բավրա)։