40 տարի անց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը անցկացվելու է Հայաստանում

Կարեն Գիլոյան, Արայիկ Հարությունյան, Արայիկ Ալավերդյան
1983 թվականին Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը պետք է անցկացվեր Երևանում, բայց տարբեր պատճառներով նախկին ԽՍՀՄ ղեկավարությունը տեղափոխեց մրցաշարի անցկացումը Մոսկվա։ 40 տարի անց երկաթախաղի Եվրոպայի վարպետները վերջապես կհավաքվեն Երևանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,16 մարտի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը այսօր հանդիպել են լրագրողների հետ։
Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կրկնակի նշանակություն ունեցող մրցաշար է։ Հայաստանի մայրաքաղաքում մրցումների մասնակիցները բացի աշխարհամասի չեմպիոնի կոչման համար պայքարելը, մրցելու են նաև 2024 թվականին Փարիզի օլիմպիական խաղերի վարկանիշների համար։ Հետևաբար մրցումներին մասնակցելու են հին աշխարհամասին ուժեղագույն բոլոր ծանրորդները։
Արայիկ Հարությունյան
Հյաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը համարում է 2023 թվականի բացառիկ իրադարձություն․
«Այս կարգի մրցումները բարձրացնում են Հայաստանի սպորտային վարկը ամբողջ աշխարհում։ Ընդ որում Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելով՝ Հայաստանը ներկայանում է ոչ միայն որպես մարզական կենտրոն, այլ նաև մշակութային երկիր: Մենք նման փորձ արդեն ունենք 2022 թվականին Երևանում բռցքամարտի Եվրոպայի առաջնությունը բարձր կարգով կազմակերպելուց ու անցկացնելուց հետո», - նշել է Արայիկ Հարությունյանը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կարծիքով էլ Հայաստանը պարտավոր էր նման մրցաշար անցկացնել, քանի որ ծանրամարտի Հայաստանի հավաքականը ուժեղագույններից մեկն է աշխարհում․ «Եվրոպայի առաջնության անցկացումը Երևանում ես համարում եմ պատմական իրադարձություն, քանի որ մեր հավաքականը նախ լավագույններից մեկն է, բացի այդ էլ 1983 թվականին Երևանը ուներ նման մրցաշար անցկացնելու իրավունք, բայց դա տեղի չունեցավ։ Համոզված նշեմ, որ անկախ ամեն ինչից, ծանրամարտի Հայաստանի հավաքականը հերթական անգամ, այս դեպում արդեն սեփական հարկի տակ ամեն ինչ անելու է բարձր տեղեր գրավելու համար, և դա վերաբերվում է բոլոր այն քաշային կարգերին, որտեղ մեր հանրապետությունը ներկայացված է լինելու»- ասել է Կարեն Գիլոյանը։
Կարեն Գիլոյան
Երևանում ապրիլի 15-23-ը կայանալիք մրցաշարում, ըստ նախնական հայտերի, մասնակցելու են 40 երկրների 500-ից ավելի ծանրորդներ։ Կժամանեն արդյոք Երևանը ադրբեջանցի մարզիկները, առայժմ հայտնի չէ։ Հայաստանի կառավարությունն ու Եվրոպայի առաջնության կազմկոմիտեն անվտանգության բոլոր երաշխիքները տվել են մրցումների բոլոր մասնակիցներին։ Իսկ ադրբեջանցիների ժամանման հետ կապված հարցերի պատասխանը կստանանք այսօր. մարտի 16-ը հայտերի ներկայացման վերջին օրն է։