Ոստիկանության զորքերի փոխարեն` ոստիկանական գվարդիա. ՆԳՆ ղեկավարը ներկայացրել է բարեփոխումը

Վահե Ղազարյանն ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Երկրի ղեկավարությունը ուզում է ստեղծել ժամանակակից և արդյունավետ ոստիկանական գվարդիա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հայաստանի ներքին գործերի նախարարության շրջանակներում կձևավորվի ոստիկանական գվարդիա։ Այս մասին ԱԺ-ում կառավարության նախորդ տարվա ծրագրի կատարման քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Նախարարը նշեց, որ ՆԳՆ վերջնական ձևավորումից հետո ոստիկանության զորքերը ապառազմականացվելու և վերափոխվելու են ոստիկանական գվարդիայի։ Նոր կառույցում կներառվեն նաև պետական պահպանության գլխավոր վարչությունը և բարձրաստիճան պաշտոնյաներին ուղեկցող ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումը։
Արդյունքում կստեղծվի նոր, զուտ ոստիկանական ծառայություն, որը ի վիճակի կլինի լուծել ռազմավարական խնդիրներ, համապատասխանել ժամանակակից բոլոր միջազգային չափանիշներին և հագեցած լինել համապատասխան սպառազինությամբ և անձնակազմով։
Ներկայումս քննարկվում են զինված ուժերի հետ նոր ծառայության առավել արդյունավետ փոխգործակցության մոդելներն ու ուղիները։