Թուրքիայում իշխանափոխությունը չի ազդի Հայաստանի նկատմամբ քաղաքականության վրա. Սուրենյանց

Քաղաքագետի գնահատմամբ` Թուրքիան կայացած պետություն է և ռեժիմների փոփոխությունը չի հանգեցնի արտաքին քաղաքականության փոփոխության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Եթե անգամ Թուրքիայում իշխանափոխություն տեղի ունենա, այն չի անդրադառնալու Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով մայիսի 14–ին Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին և Հայաստանի սպասելիքներին։
Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետի խոսքով՝ թեպետ երկրաշարժը մոտ 20 տոկոսով նվազեցրել է Թուրքիայի ներուժը, սակայն ժամանակավրեպ և չափազանցված է խոսել նրա հավակնությունների սահմանափակման մասին։
Ավելին`անգամ ավերիչ երկրաշարժերի հանգամանքը չստիպեց գործող նախագահ Էրդողանին հետաձգելու ընտրությունները, որովհետև ընտրված օրը սիմվոլիկ նշանակություն ունի Էրդողանի համար։
«Թուրքիան ղեկավարում է մի մարդ, որը կայսերական ամբիցիաներ ունի։ Եվ նա առանձնապես ուշադրություն չի դարձնելու հասարակ ժողովրդի սոցիալական խնդիրներին»,– ասաց Սուրենյանցը։
Քաղաքագետը կարծում է, որ եթե առաջիկա նախագահական ընտրությունները չկեղծվեն, մեծ է ընդդիմության հաղթելու շանսը։ Բայց Էրդողանը դա թույլ չի տա և կգնա և՛ կեղծիքների, և՛ ուժի կիրառման, որը ճգնաժամ կառաջացնի։
«Ամեն գնով իշխանությունը պահելու` Էրդողանի ցանկությունը նոր ճգնաժամի կհանգեցնի Արևմուտքի հետ հարաբերություններում և ավելի է մոտեցնելու Ռուսաստանին»- ասաց Սուրենյանցը:
Եթե Վրաստանում ՌԴ–ի դեմ 2–րդ ճակատ բացվի, ՀՀ–ն կզրկվի կյանքի կարևոր ճանապարհից. քաղաքագետ
Այնուամենայնիվ նա հիշեցնում է, որ և՛ իսլամիստները՝ Էրդողանի գլխավորությամբ, և՛ քեմալականները՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորությամբ, այնքան էլ տարակարծիք չեն Հայաստանի և Ադրբեջանի հարցում։
«Թուրքիան կայացած պետություն է և ռեժիմների փոփոխությունը չի հանգեցնի արտաքին քաղաքականության 180 աստիճան փոփոխության»,–ընդգծեց նա։
Նշենք, որ մարտի 6-7-ը Alf Research ընկերության անցկացրած հարցումը ցույց է տվել, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժողովրդականությամբ հետ է մնում ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուից մոտ 10 տոկոսով: