ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հայաստանի ռազմական ղեկավարությունը գիտակցում է բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հետ կապված խնդիրների մասշտաբն ու էությունը, խնդիրների լուծման համար էլ երկարաժամկետ միջոցներ է ձեռնարկում։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի հերթական նիստին, կառավարության նախորդ տարվա ծրագրի կատարման քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա խոսքով` բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հետ կապված խնդիրը խորքային է։
«Խնդիրների մի մասը բանակ է «տեղափոխվել» հասարակությունից, մյուս մասն էլ տեղական բնույթ է կրում և անմիջականորեն կապված է զինված ուժերի հետ։ Խոսքը սպայակազմի պատրաստվածության, թվաքանակի, սերժանտական համակարգի գոյության կամ չգոյության մասին է։ Այս ամենով պաշտպանության նախարարությունն ինտենսիվ զբաղվում է։ Մենք ներդնում ենք սերժանտական պրոֆեսիոնալ համակարգ, ինչը մեզ թույլ կտա զինծառայողների հետ աշխատանքն ավելի հեշտացնել։ Սկսում ենք դասակի հրամանատարներին օգնելու մեխանիզմ ներդնել, ինչը բանակն ավելի կարգապահ կդարձնի»,– նշեց Պապիկյանը։
Նա ընդգծեց, որ փոփոխությունների շրջանակում որոշ հարցեր էլ խստացվում են, որոնք օրենսդրական փաթեթում առաջիկայում կներկայացվեն։ Նախարարը վստահեցրեց` այդ ամենը բխում է պետության այսօրվա մարտահրավերներից և շահերից։