Պենտագոնում Օսթինի և Շոյգուի զրույցի որոշ մանրամասներ են հայտնել

Լլոյդ Օսթին. Արխիվային լուսանկար
ԱՄՆ-ի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սև ծովն ընկած ամերիկյան անօդաչու սարքի հետ կապված միջադեպը, նշել են Պենտագոնում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին փոխանցել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի թռիչքները միջազգային ջրերի վրայով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պենտագոնին։
ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ զրույցից հետո հայտարարել է, որ մեծ տերությունները պետք է թափանցիկության և հաղորդակցության օրինակ ծառայեն:
«Հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը իմ ռուս գործընկերոջ՝ նախարար Շոյգուի հետ։ Ինչպես արդեն բազմիցս ասել եմ՝ կարևոր է, որ մեծ տերությունները թափանցիկության և հաղորդակցության օրինակ ծառայեն»,-ասել է Օսթինը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ն թռչելու է այնտեղ, որտեղ թույլ է տալիս միջազգային իրավունքը, և ռուսական ռազմական ավիացիային կոչ է արել «անվտանգ և պրոֆեսիոնալ» գործել:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտի 14-ի առավոտյան ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը խախտել է Սև ծովի երկնքում այն հատվածի սահմանները, որտեղ հատուկ գործողության ընթացքում օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմ է սահմանվել:
ԱՄՆ–ն անցագրային սահմանափակումներ է մտցրել ռուս զինվորականների դեմ
Նախարարության տվյալներով՝ ԱԹՍ-ն թռչում էր Ղրիմում Ռուսաստանի սահմանի ուղղությամբ, ռուսական կործանիչները օդ են բարձրացել՝ խախտումն անողին նույնականացնելու համար։ Կտրուկ մանևրելու պատճառով ԱԹՍ-ն անցել է անկառավարելի թռիչքի՝ բարձրության կորստով և ընկել ջուրը։
Ռուսական կործանիչները, ռազմական գերատեսչության հայտարարության համաձայն, շփման մեջ չեն մտել MQ-9-ի հետ, օդանավային սպառազինություն չեն օգտագործել և բարեհաջող վերադարձել են բազավորման օդանավակայան։