ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հայաստանի ռազմական ղեկավարությունն ամեն ինչ անում է պաշտպանական սահմաններն ամրապնդելու, նոր ամրաշինական և ինժեներական կառույցներ կառուցելու համար։ Այսօր խորհրդարանում կառավարության նախորդ տարվա ծրագրի կատարման քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ առաջնագծի անմխիթար վիճակի մասին դիտարկմանը` նախարարը հայտարարեց, որ այդ գիծը բնավ իդեալական վիճակում չէ, և ոչ ոք աչք չի փակում այդ փաստի վրա։
«Իհարկե, առաջնագծում ամեն ինչ այնպես չէ, ինչպես ես կցանկանայի առաջին հերթին որպես պաշտպանության նախարար։ Բայց ամեն ինչ արվում է, որպեսզի առաջնագիծն օր առաջ ավելի ամուր լինի։ Նախկինում փակ քննարկման ժամանակ ներկայացրել եմ աշխատանքների ծավալն ու բնույթը։ Այդ աշխատանքները շարունակվում են»,- նշեց Պապիկյանը։
Նա հավելեց, որ պաշտպանական գիծը հատկապես Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան մարտերից հետո լիարժեք և ամբողջական կահավորման կարիք ունի: Խոսքը, ի թիվս այլ բաների, նաև թիկունքային որոշ ենթակառուցվածքների ստեղծման մասին է։ Ընդհանուր առմամբ բանակում հսկայական աշխատանք է սպասվում, և Պապիկյանը, որը ստանձնել է պատասխանատվությունը, մտադիր է ավարտին հասցնել իր սկսածը։
Նախարարը նշեց, որ վերջին մի քանի տարվա ընթացքում հարյուրավոր կիլոմետրեր դաշտային և բարձրլեռնային ճանապարհներ են կառուցվել են, որոնք տանում են դեպի առաջավոր ամրություններ: Կառուցվել են նաև հարյուրավոր հենակետեր։ Պապիկյանը շեշտեց, որ չպետք է մոռանալ նաև այն փաստը, որ այս ընթացքում եղել են էսկալացիայի որոշ դեպքեր, որոնց արդյունքում գիծը փոխվել է և ոչ հօգուտ Հայաստանի։ Ժամանակ առ ժամանակ ՀՀ ՊՆ–ն ստիպված է լինում նոր առաջնագիծ ստեղծել, այնուամենայնիվ, ռեսուրսներն ու հնարավորությունները բավարար են որակական փոփոխության համար։