ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. «Առավոտ» թերթը պատրաստվում էր տեսանյութ հրապարակել 2018 թվականից հետո հարստացածների մասին, բայց նախապես հայտարարված ժամից առաջ կորցրել է իր յութուբյան ալիքի հասանելիությունը․ անհայտ անձինք կոտրել են այն։
Թերթի առցանց տարբերակի խմբագիր Աննա Իսրայելյանը սոցհարթակներում հայտնել է, որ մարտի 14-ի առավոտյան իրենք Telegram-ում և Facebook–ում հայտարարել էին տեսանյութ ներկայացնելու մասին, որն ուներ հետևյալ վերնագիրը. «Մեր օրերի հարուստ հեղափոխականները. ինչպես և որքան են հարստացել հեղափոխական պաշտոնյաները պատերազմող երկրում և պատերազմի տարում»։ Հաղորդումը պետք է թողարկվեր ժամը 21:00-ին։ Ժամը 19:46-ին խմբագրությունը կորցրել է իր ալիքի հասանելիությունը։
«Թերթի Youtube-յան ալիքը կոտրելուց հետո փոխել են անվանումը, այնտեղեց ջնջվել են որոշ տեսանյութեր։ Ընդ որում` այդ հարցում էլ ցուցաբերել են խտրականություն, որովհետև զարմանալի զուգադիպությամբ չեն վնասել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին առնչվող տեսանյութերը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Իսրայելյանը։
Նա շեշտեց, որ տեղի ունեցածը համընկել է երեկվա երկու իրադարձությունների հետ։ Մեկը վերաբերում է «Առավոտի» թղթակցի հարցին` ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջինիս ասուլիսի ժամանակ, որից հետո ատելության խոսքի հսկայական չափաբաժին է ուղղվել լրագրողի և «Առավոտի» հասցեին, իսկ մյուսը կապված է տվյալ լրատվամիջոցի հայտնի տեսանյութի վերաբերյալ նախապես արված հայտարարության հետ։
Անդրադառնալով հարցին, թե ովքեր կարող են կանգնած լինել հարձակման հետևում` Իսրայելյանը նշեց` երկու տարբերակն էլ չի կարելի բացառել. դա կարող էր լինել և՛ պարզ հաքերային միջամտություն, և՛ ծրագրված գործողություն։ Իսրայելյանը խոսել է մասնագետների հետ, որոնք ենթադրում են, որ հարձակման պատճառ կարող է լինել այն, որ մուտքն «Առավոտի» հաշվեհամարին արվել է խմբագրության վարակված համակարգչի միջոցով։
Իսրայելյանը չի պատրաստվում դիմել իրավապահ մարմիններին, որովհետև մինչ օրս չի տեսել որևէ բացահայտված նմանօրինակ կիբեռհանցագործություն, այլ փորձում է այս պահին խնդիրը լուծել Youtube-ի և Google-ի հետ բանակցությունների միջոցով։