ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ու ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել են «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ, Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի հետ: Սաղաթելյանը հանդիպման մանրամասները ներկայացրել է ֆեյսբույքյան իր էջում։
Ըստ նրա՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, Լաչինի միջանցքի շրջափակմանը, Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, ընդգծվել է Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցային հարաբերությունների պահպանման և զարգացման անհրաժեշտությունը։
«Արմեն Ռուստամյանի հետ անդրադարձել ենք Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Լաչինի միջանցքի փակումից երեք ամիս անց Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է, և այժմ շատ կարևոր է Ռուսաստանի և ռուս խաղաղապահների դիրքորոշումը՝ հավելելով, որ Արցախի Հանրապետության ժողովուրդը Ռուսաստանի Դաշնությունից ակնալում է ավելի ակտիվ գործողություններ»,- գրել է Սաղաթելյանը։
Հանդիպման ավարտին Սերգեյ Միրոնովը հույս է հայտնել, որ ի վերջո կհաղթի ողջախոհությունը, ձեռք կբերվեն որոշակի պայմանավորվածություններ, կլուծվեն հայ բնակչության անվտանգության խնդիրները, որի երաշխավորը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը։