ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Գյումրու ավագանու հերթական նիստի ժամանակ այսօր 21 կողմ, 4 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ փոխքաղաքապետ ընտրվեց Վահագն Մկրտչյանը:
«Իմ տոհմը քաղաքում ունի 200 և ավելի տարվա պատմություն, և դա է պատճառներից մեկը, որ Գյումրին համարում եմ իմ օջախը։ Իմ գործունեությունը միտված է լինելու միայն ի շահ քաղաքի, ի շահ գյումրեցու ու հնամենի քաղաքի երբեմնի փառքի վերականգնման»,- նշեց Վահագն Մկրտչյանը:
Ի դեպ, Վահագն Մկրտչյանի օգտին քվեարկել են «Բալասանյան դաշինքն» (12 կողմ) ու ՔՊ-ն (9 կողմ)։ ՔՊ–ի թեկնածուին դեմ են քվեարկել «Հանրապետական» և «Ապրելու երկիր» խմբակցությունների 2–ական անդամները, իսկ «Զարթոնքի» 3 անդամները ձեռնպահ են եղել։
Նշենք, որ ավագանու անդամները Վահագն Մկրտչյանին հարցեր չունեին, հարցերն ուղղված էին «Բալասանյան դաշինքի» ղեկավար, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին։ Ավագանու անդամներն ուզում էին լսել` ինչու է փոխքաղաքապետի թեկնածուի հարցում ընտրությունը կանգ առել հենց Մկրտչյանի վրա։ Ի պատասխան քաղաքապետը նշեց՝ Վահագն Մկրտչյանը կազմակերպչական փորձ ունի։
Պատասխանն ավագանու անդամներին չգոհացրեց։
Հավելենք, որ Վահագն Հրաչի Մկրտչյանը 28 տարեկան է, մասնագիտությամբ ատամնաբույժ: Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի ազգականն է։
Հիշեցնենք, որ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը դադարեցրել էր իր լիազորությունները 2022-ի հոկտեմբերի 25-ից՝ ԱԺ-ում փոխարինելով Վահագն Հովակիմյանին։