ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում այսօր կայացած մամուլի ասուլիսին ազդարարվել է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկը:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ընդգծել է, որ այս տարի ֆրանկոֆոնիայի օրերը նվիրված են մշակութային բազմազանությանը, ֆրանկոֆոն մշակույթների տարբեր արժեքներին: Ֆրանկոֆոնիայի տոնն ամբողջ աշխարհում միավորում է ավելի քան 500 միջոցառում, որոնցից մի մասը կանցկացվի Հայաստանում:
«2023 թվականին դեսպանությունը ներկայացնում է ֆրանսերենին և ֆրանսիական մշակույթին նվիրված շուրջ 20 միջոցառում՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Ծրագիրը բազմաժանր է` կինո, երաժշտություն, թատրոն, բանավեճ, ժամանակակից արվեստ, ֆրանսերենի իմացության մրցույթ: Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը Հայաստանում միշտ եղել է շատ սպասված և յուրահատուկ, որի շրջանակում իրականացվող միջոցառումներն առավել կխթանեն ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթների տարածումը»,- ասել է դեսպանը և շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշել է, որ Հայաստանը շատ մեծ պատասխանատվությամբ և ակտիվությամբ է մասնակցում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում իրականացվող բոլոր միջոցառումներին և նախաձեռնություններին:
«Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ այս տարի Հայաստանի բոլոր մարզերը ներգրավված են այս կարևոր նախաձեռնությունում: Վստահ եմ, որ Հայաստանի բոլոր կրթամշակութային կառույցներում կազմակերպվող միջոցառումները նպաստելու են ֆրանսերենի, ֆրանկոֆոն մշակույթի ու արժեքների տարածմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նշենք, որ արդեն հայտնի է որոշ միջացառումների անցկացման ժամանակացույցը։ Մարտի 20-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, որի ընթացքում կհնչեն ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտորներ Քամիլ Սեն-Սանսի, Կլոդ Դեբյուսիի և Մորիս Ռավելի ստեղծագործությունները:
Իսկ մարտի 31-ին Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում կազմակերպվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված մեծ միջոցառում` հայորդաց տան երգչախմբի և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։
Հավելենք, որ Հայաստանում գործում է ֆրանսիական մշակույթի և կրթական ցանց, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որն ունի մոտ 2000 ուսանող, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը, որն ունի շուրջ 300 աշակերտ և նորաբաց Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը: