Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Ազնավուրի հուշարձանը․ Երևանի ավագանին ընդունեց նախագիծը

Շառլ Ազնավուրի 100–ամյակի առթիվ նմանօրինակ արձան կտեղադրվի նաև Փարիզում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Երևանի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի ֆրանսահայ շանսյոնե Շառլ Ազնավուրի հուշարձանը։ Երևանի ավագանու անդամները 49 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեցին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացրած նախագիծը։
Փոխքաղաքապետը նշեց, որ նախաձեռնությունը նվիրված է Շառլ Ազնավուրի 100–ամյակին ու քննարկվել է «Ազնավուր» հիմնադրամի հետ։
«Հուսով ենք՝ մենք կկարողանանք ապահովել տեխնիկական բոլոր հնարավորությունները, որ արձանը ձուլվի Հայաստանում»,– ասաց նա։
Ավինյանը տեղեկացրեց, որ սկզբում առաջարկվել է արձանը տեղադրել հենց Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց), սակայն արձանի պոտենցիալ չափերն այնպիսին են, որ արձանը այդտեղ տեղադրելը նպատակահարմար չէր լինի։
Ի դեպ, նմանօրինակ արձան տեղադրվելու է նաև Փարիզում։
Իսկ Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական մասում կանգնեցված Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը կտեղափոխվի նույն հրապարակի մայթեզր։
Ազնավուրի մասին ֆիլմ կնկարահանվի. հայտնի է` ով կմարմնավորի աշխարհահռչակ երգչին