ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Միջինքի տոնին ամբողջ գերդաստանը հավաքվում է մեկ տեղում, տան տարեց կանայք թխում են տարեհաց, որի մեջ դնում են մետաղադրամ կամ լոբի ու կանչում դովլաթին, որպեսզի իմանան` ում ընտանիքում է այդ տարի երջանկություն լինելու։ Sputnik Արմենիայի տաղավարում «Տոնացույց» կրթամշակութային կենտրոնի նախագահ, երաժիշտ, ազգագրագետ Հասմիկ Բաղրամյանը ներկայացրեց, թե ինչ է Միջինքը, ինչ է խորհրդանշում տարեհացը և թե ինչպես են նշում այդ տոնը։
Բաղրամյանը նշեց, որ Միջինքի տոնը հայերի մոտ մնացել է այն ժամանակներից, երբ Նոր տարին նշվում էր գարնանը։
«Միջինքի գաթան` տարեհացը, հարստություն և պտղաբերություն է խորհրդանշում։ Այս օրը մարդիկ հավաքվում են իրար հետ, տան փոքրիկ տղայի մեջքին դնում են այդ տարեհացը, որի մեջ դրվում է մետաղադրամ կամ լոբու հատիկ։ Պարսկերենից թարգմանաբար դա նշանակում է պետություն կամ իշխանություն։ Մենք հեքիաթներ ունենք, որտեղ հիշատակվում է դովլաթ ղուշը, թռչունը, և համարվում է, որ տարին ավարտվում է, հաջողությունն էլ թռչում է։ Նշանակում է, պետք է կանչել այդ հաջողությանը, որպեսզի թռչունն իր հետ բերի։ Այդ արարողության ժամանակ ամբողջ գերդաստանով կանչում են. «Դովլա՜թ, ո՞ւր ես, սա՞րն ես, ձո՞րն ես, արի տեսնենք ո՞ւմ բաժինն ես լինելու», և ում բաժին է ընկնում տարեհացում պահված դովլաթը, այդ տարի նա դառնում է թագավոր, այսինքն` իր ընտանիքում երջանկություն կլինի»,– ասաց Բաղրամյանը։
Այն պարագայում, երբ արարողության ժամանակ տանը նաև հյուր է լինում ու այդ մետաղադրամը բաժին է ընկնում հյուրին, ապա դա շատ տխուր իրադարձություն է։ Ստացվում է, որ այդ հյուրը երջանկությունը, հաջողությունը տանում է տնից։ Համարվում է, որ կովին բաժին հասնելու դեպքում, կենդանուն չեն մորթում, քանի որ հաջողությունը հենց իրենից է ակնկալվում։
«Տարեհացից բաժին է հանվում բոլորին` կենդանիներին, թռչուններին, նույնիսկ Աստծուն, քանի որ սա հաղորդակցություն է համարվում»,– ասաց մասնագետը։
Նա ընդգծեց, որ հացի հասկացողությունը հայերի գենետիկ հիշողության մեջ է և հաց ուտելը կշտանալու ֆունկցիա չի կատարում, այլ համարվում է հաղորդակցություն Աստծո հետ։ Հենց այս նշանակությունն ունի նաև տարեհացը։