ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Լեզվաբան, հայերենագետ, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ցոլակ Ակոպյանը:
«Հերթական ապօրինությունը նախարարության կողմից։ Թքած ունենալով բուհի կանոնադրության և կոլեկտիվի կարծիքի վրա՝ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը»,- գրել է նա։
Բուհի ուսանողներն այս նշանակումը միանշանակ չեն ընդունել: Նրանցից շատերը դասադուլ են անում:
Հիշեցնենք` դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Դեկտեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։ Մասնավորապես, ըստ ՊՎԾ–ի, բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն ինքն իրեն հատկացրել էր 5,44 մլն դրամի չափով պարգևատրում և լրավճար։
Մարտի 14-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվեց բուհի ժամանակավոր խորհրդի կազմը։ Խորհուրդը 3 անդամ ունի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։