ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի միավորման հարց այս պահին չի քննարկվում: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով միտումնավոր տարածվող ապատեղեկատվությունը և խնդրի հետ կապված հնարավոր թյուրընկալումները՝ հարկ ենք համարում ընդգծել, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը որևէ առնչություն չունի բուհերի խոշորացման գործընթացի հետ»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ ԿԳՄՍՆ–ն տեղեկացնում է նաև, որ իրականությանը չի համապատասխանում պնդումը, թե առկա է բուհի լուծարման վտանգ, քանի որ դա նաև արգելված է օրենքով:
Հաղորդագրությունում ասվում է նաև, որ բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար մինչև «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու հիմնադրի կողմից ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը։
Նշենք, որ մարտի 14-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվեց բուհի ժամանակավոր խորհրդի կազմը։ Խորհուրդը 3 անդամ ունի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։
Նախարարությունից նշում են, որ ժամանակավոր խորհուրդն իրականացնելու է հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված` օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված բոլոր լիազորությունները:
Հիշեցնենք` դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Դեկտեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։ Մասնավորապես, ըստ ՊՎԾ–ի, բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն ինքն իրեն հատկացրել էր 5,44 մլն դրամի չափով պարգևատրում և լրավճար։