ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանը այցելել էին համալսարան՝ հանդիպելու ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ։
Հանդիպման մեկնարկից առաջ Գյուրջինյանը կարճատև ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, որի ընթացքում աբսուրդային համարեց իր ապօրինի նշանակման մասին խոսակցությունները։ Դիտարկմանը, որ բոլորովին վերջերս բուհում ռեկտոր է ընտրվել, և Գյուրջինյանի նշանակումը ուսանողների համար պարզ չէ, հորդորեց չկապել ընտրությունների ընթացքն ու իր թեկնածության հաստատումը։ Իսկ լրագրողի այն դիտարկմանը, թե ինքը իշխանությունների սիրելին է, հեգնանքով ասաց՝ լավ է, որ ֆավորիտն է։
Ժաննա Անդրեասյան
© Photo : official site of MESCS of RA
Հանդիպման ժամանակ Անդրեասյանը նրան ներկայացրեց պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, որոնցից ոմանք դեմ էին Գյուրջինյանի նշանակմանը։ Անդրեասյանը նշեց, որ նախարարությունը լիովին աջակցում է Գյուրջինյանին և կարծում է, որ նա կնպաստի համալսարանում ակադեմիական միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև կրթական ծրագրերի և նախագծերի իրականացմանը։ Միաժամանակ, Անդրեասյանը բացատրեց, որ Գյուրջինյանի թեկնածությունն ընտրվել է, քանի որ նա դուրս է համալսարանում տեղի ունեցող ներքին գործընթացներից, որտեղ արդեն իսկ կան անհամաձայնություններ։
«Ընթացող բոլոր գործընթացներն ու որոշումները օրենքի շրջանակներում են, և ոչ մի խախտում չի եղել»,- ասաց նա՝ հորդորելով դժգոհող պրոռեկտորին և մյուս դասախոսներին դիմել դատարան։
Գյուրջինյանն իր հերթին հայտարարեց, որ պատրաստ է աշխատել բոլոր ուսանողների և նույնիսկ իր հակառակորդ դասախոսների հետ։ Նա հորդորեց զուսպ լինել և չօգտվել ուսանողների միամտությունից՝ օգտագործելով բուհերի միավորման հարցը։
Գյուրջինյանն անդրադարձավ իրեն վերագրվող քննադատությանը, թե ինքը գալիս է լուծարելու համալսարանը։ Նա նշեց, որ դա անել չի կարող նաև անձնական պատճառներով։
«Իմ երկու դուստրերն ավարտել են այս համալսարանը, պետք է ասեն, որ ավարտել են մի բուհ, որը լուծարվե՞ց, և դա իրենց հայրն արե՞ց։ Սա միամիտ և ոչ միամիտ երեխաների ձեռքին զենքի նման է։ Ի՞նչ է՝ գրագետ մարդուն պետք է բացատրես, որ պետական ծրագիրը մինչև 2030 թվականն է նախատեսել դա։ Ես բավականին դիմացկուն եմ, բավականին երիտասարդ եմ՝ 60 տարեկան, գալիս եմ եռանդուն աշխատելու, ուզում եմ դուք էլ նույնը անենք, որպեսզի ունենանք նվաճումներ, և աշխատելը հաճելի լինի բոլորին»,- ընդգծեց Գյուրջինյանը։
Դավիթ Գյուրջինյան
© Photo : official site of MESCS of RA
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ելույթից հետո ընդիմադիրները հարցեր ուղղեցին , բայց չհաջողվեց համաձայնության գալ և նախարարը հանդիպումից հեռացավ «ամոթ» բացականչությունների ներքո։
Նշենք, որ այսօր` առավոտից բուհի ուսանողներն ու ուսուցիչները դասադուլ էին կազմակերպել, քանի որ համաձայն չեն Դավիթ Գյուրջինյանի նշանակման հետ։ Նրանք կարծում են, որ նրա օգնությամբ ԿԳՄՍՆ–ն ցանկանում է լուծարել համալսարանը և միավորել Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ։ Նախարարությունը հայտարարել է, որ բուհերի միավորման հարցը դեռ չի քննարկվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բանասիրական գիտությունների թեկնածու, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։
Հիշեցնենք` դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Դեկտեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։ Մասնավորապես, ըստ ՊՎԾ–ի, բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն ինքն իրեն հատկացրել էր 5,44 մլն դրամի չափով պարգևատրում և լրավճար։
Մարտի 14-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվեց բուհի ժամանակավոր խորհրդի կազմը։ Խորհուրդը 3 անդամ ունի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։