ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին իրավապահները տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։
«Որպես կանոն, պաշտոնատար անձինք կալանքը կրում են «Վարդաշեն» ՔԿՀ-ում կամ ԱԱԾ-ի «Երևան-Կենտրոն»-ում, սակայն փոխքաղաքապետին ոչ միայն «Արմավիր» են տարել, որը գտնվում է «զոն նայողների» հսկողության տակ, այլև պարզվում է՝ նրան և նույն գործով մյուս անձին՝ «Մեդլայն» բժշկական կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանին, նույն խցում են նստեցրել, ինչը կալանավայրերի պրակտիկայում ընդունելի է համարվում»,- գրում է պարբերականը:
Թերթը նշում է՝ այդպես վարվում են միայն այն ժամանակ, երբ տվյալ խուցը գաղտնալսվում է, և նույն գործով «հանցակիցներին» իրար հետ նստեցնելով հույս են ունենում, որ կալանավորվածները գործից կխոսեն, և նոր փաստեր ձեռք կբերի նախաքննության մարմինը։
«Հրապարակի» տեղեկություններով՝ փոխքաղաքապետը խնդրել է իրեն տեղափոխել մենախուց:
«Թե ինչու է Սիմոնյանը նախընտրում այդպիսի ծանր փորձության ենթարկվել` մենակ նստել, դժվար է ասել»,- գրում է թերթն ու հիշեցնում, որ մենախցային ռեժիմում է գտնվում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ժամանակին մենակ է նստել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք` մարտի 10-ին հայտնի դարձավ, որ խուզարկություն է իրականացվել Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Քրեական վարույթի շրջանակում մարտի 10-ին ձերբակալվեց ինչպես Գևորգ Սիմոնյանը, այնպես էլ «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձինք:
Այժմ «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի 8 աշխատակիցներն ազատության մեջ են, Գևորգ Սիմոնյանն ու Բաբկեն Շահումյանը` կալանավորված։