Ամենայն հայոց կաթողիկոսը դեմ է արտահայտվել պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցներին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ու պատրիարք Կիրիլը. Արխիվային լուսանկար
Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը բանակցություններ է վարել Ռուս Ուղղափառ եկեղեցու Երևան-Հայաստանյան թեմի ժամանակավոր կառավարչի հետ և նրա հետ մի շարք հարցեր է քննարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ն խստորեն դատապարտել է մի շարք երկրների կողմից Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նկատմամբ կիրառված պատժամիջոցները, ինչպես նաև կարևորել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների եռակողմ համագործակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու Երևան-Հայաստանի թեմի ժամանակավոր կառավարիչ, Աֆրիկայի էկզարխ Պատրիարք, Կլինի միտրոպոլիտ Լեոնիդը` ամփոփելով Գարեգին Բ-ի հետ հանդիպման արդյունքները։
«Գարեգին կաթողիկոսն իր խիստ բացասական կարծիքն արտահայտեց պատրիարք Կիրիլի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ (պատրիարքի նկատմամբ սահմանափակումներ են մտցրել Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան- խմբ.): Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջև բազմամյա բարի, եղբայրական հարաբերություններն անփոփոխ են»,-ասել է միտրոպոլիտ Լեոնիդը։
Նա տեղեկացրել է, որ Գարեգին Բ-ի հետ բանակցությունների ընթացքում բարձրացվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Կրոնական գործիչները քննարկել են նաև համագործակցության եռակողմ ձևաչափը. նախկինում բազմիցս տեղի են ունեցել պատրիարք Կիրիլի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշա-զադեի հանդիպումները: Երեք երկրների հոգևոր առաջնորդները քննարկել են նաև ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր։
«Եռակողմ համագործակցությունը նպաստում է երկրների և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի հաստատմանը։ Նորին Սրբության (պատրիարք Կիրիլի- խմբ.) անձնական հսկողության ներքո լուծվել է Դադիվանքի մշակութային ժառանգության պահպանման հարցը, ինչն առանձնահատուկ շեշտեց Գարեգին կաթողիկոսը»,-պատմել է միտրոպոլիտ Լեոնիդը։
ՌՈւԵ–ի հայաստանյան թեմը գրանցման փաստաթղթեր է ներկայացրել արդարադատության նախարարություն
Նա նշել է, որ իրավիճակն այս ուղղությամբ «հեռու է կատարյալ լինելուց» և հավելել է, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին գործադրում է խաղաղապահության գործընթացին ուղղված բոլոր միջոցներն ու ջանքերը։
Նշենք, որ Ռուս Ուղղափառ եկեղեցու Երևան-Հայաստանյան թեմի ժամանակավոր կառավարիչը օրեր առաջ այցելել էր Հայաստան։ Մարտի 12-ին նա պատարագ է մատուցել Երևանում, շփվել հոգևորականների և հավատացյալների հետ, իսկ հաջորդ օրը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։