ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, իբր ՀՀ–ից կրակել են իրենց ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ–ն։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 15-ին ժամը 00:10-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Միաժամանակ նմանատիպ հերքում է տարածել նաև Արցախի պաշտպանության բանակը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 15-ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Հիշեցնենք` երեկ էլ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, իբր ռուսական խաղաղապահ զորակազմի ծառայողների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ զինծառայողներ ու զենք է տեղափոխվել։ Կից հրապարակվել էր տեսանյութ։ Արցախից հերքեցին այդ լուրը` նշելով, որ Փրկարար ծառայողները շրջափակման հետևանքով Արցախում մնացած ՀՀ քաղաքացիություն ունեցող խաղաղ բնակիչներին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Շուշին շրջանցող լեռնային ճանապարհով ուղեկցել են դեպի Հայաստանի Հանրապետություն, և տեսանյութում արձանագրված է այդ փաստը, ոչ թե զենքի տեղափոխում։