Թուրքիայի արտգործնախարարը Գուտերեշի հետ քննարկել է հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը

Հացահատիկային գործարքը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է, որը նախատեսում է նաև ապաշրջափակել ռուսական սննդի արտահանումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հացահատիկի վերաբերյալ ստամբուլյան համաձայնագրի երկարաձգման հարցերը և Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները», - ՌԻԱ Նովոստիին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը Ժնևում հացահատիկային գործարքի շուրջ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանը դեմ չէ «Սևծովյան նախաձեռնության» հերթական երկարաձգմանը մարտի 18-ին երկրորդ ժամկետի ավարտից հետո, բայց միայն 60 օրով:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետագա դիրքորոշումը պարզկլինի՝ կախված ռուսական գյուղատնտեսական ապրանքների արտահանման հետ կապված իրական առաջընթացից, ներառյալ բանկային վճարումները, տրանսպորտային լոգիստիկան, ապահովագրությունը, ֆինանսական գործունեության ապասառեցումը և ամոնիակի մատակարարումը Տոլյատի–Օդեսա խողովակաշարով:
ԵԱՏՄ-ն բազմավեկտոր աշխարհի հզոր բևեռներից մեկը դառնալու հնարավորություն ունի. Պուտին
Հացահատիկային գործարքը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան: Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնը։ Պայմանագրի ժամկետը լրանում էր 2022 թվականի նոյեմբերի 18-ին, սակայն ենթադրում էր ավտոմատ երկարացում 120 օրով՝ մինչև մարտի 18-ը` կողմերից որևէ մեկի առարկության բացակայության դեպքում։
Հացահատիկային գործարքն ինքնին փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մասն է, որը նախատեսում է նաև ապաշրջափակել ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանումը։ Մոսկվան նշել է, որ հենց դա չի կատարվել։ Ընդ որում` ՄԱԿ-ի կողմից հավաստիացումներ են եղել, որ սահմանափակումները կհանվեն։
Հացահատիկային գործարքի երկարաձգումը բարդ հարց է․ Լավրով