ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ` ամբողջությամբ դադարեցվել է «Երևանի պահածոների գործարան» («Սուրմալու» տոնավաճառ) ՓԲ ընկերության գործունեությունը։ Տեղեկությունը հրապարակվել է տեսչական մարմնի կայքում։
Ըստ հաղորդագրության` «Սուրմալու» տոնավաճառում հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել, հայտնաբերվել են տեխնիկական ու հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։
ՔՏՀԱ տեսչական մարմնից նշում են, որ այդ խախտումները կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար, այդ իսկ պատճառով որոշվել է առևտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ դադարեցնել։
«Սուրմալու» տոնավաճառը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հայտնաբերված խախտումները չեն վերացվել։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն տեղի ունեցավ 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Պայթյունի հետևանքով 16 մարդ մահացավ։
Սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեղամ Շախբազյանն ազատվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Իսկ հոկտեմբերի 3-ին Արթուր Ասոյանն ազատվեց տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից:
Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։
Հիշեցնենք` նախաձեռնված քրեական վարույթով 5 մեղադրյալ կա, որոնցից մեկը «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (շահագործում է «Սուրմալու առևտրի կենտրոնը) տնօրեն Իրինա Մադաթովան է, մյուսը` փոխտնօրենը, 3-ը՝ տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը: