Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության հաղթող է դարձել ռուսաստանցի Ալեքսեյ Սարանան

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում
Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց են տվել Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին Հայաստանը մասնակցել է 13 ներկայացուցչով, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց են տվել Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 11 հնարավորից վաստակելով 7,5-ական միավոր: Վերջնարդյունքում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 32-րդ, Ռոբերտ Հովհաննիսյանը` 39-րդ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ 41-րդ հորիզոնականը:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է ռուսաստանցի Ալեքսեյ Սարանան` վաստակած 8,5 միավորով: Նույնքան միավոր են վաստակել Ռումինիան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն և բելգիացի Դանի Դարդան, որոնք լրացուցիչ գործակիցների հաշվարկից հետո զբաղեցրել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները:
Մրցաշարի արդյունքներով 23 ուժեղագույն շախմատիստներ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր են նվաճել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Էմին Օհանյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը վաստակել են 7-ական միավոր: Ի դեպ, Գաբրիել Սարգսյանն առաջնության ընթացքում ոչ մի պարտություն չի կրել, տարել է 3 հաղթանակ և 8 պարտիա ավարտել ոչ-ոքի արդյունքով՝ մրցաշարային աղյուսակում կիսելով 40-74-րդ տեղերը:
Արցախցի գրոսմայստերը հաղթել է ադրբեջանցի շախմատիստին
Նշենք նաև, որ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությանը, որը կանցկացվի մարտի 18-29-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում:
Հայաստանից մասնակցության հայտ են ներկայացրել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: