ՔՊ-ն վարչության նիստ է հրավիրելու. «կենտրոնում» Արսեն Թորոսյանն է

Արխիվային լուսանկար
Արսեն Թորոսյանը, ըստ պարբերականի, Փաշինյանից հանդիպում է խնդրել ու մերժում ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի - Sputnik. ՔՊ-ն այսօր երեկոյան՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո, վարչության նիստ է հրավիրելու: Նիստին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
ՔՊ-ականները քննարկելու են Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Բանն այն է, որ ՔՊ-ականներն իրենք էլ զգում են, որ մեր վիճակը, հատկապես՝ Արցախի հարցում, մեղմ ասած, հուսադրող չէ, իսկ Ադրբեջանի հետ բանակցությունները գնալով փակուղի են մտնում, արտաքին ֆրոնտում մարտահրավերները շատանում են: Հենց այս իրավիճակից ելնելով՝ ՔՊ-ականները որոշել են առավել հաճախ հանդիպել Փաշինյանի հետ, որպեսզի անձամբ նրանից տեղեկանան զարգացումների մասին»,-նշում է պարբերականը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչության նիստում կքննարկվի նաև պատգամավոր, ՔՊ վարչության անդամ, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Բանն այն է, որ ՔՊ-ականներին այս օրերին չի հաջողվում ԱԺ-ում «բռնացնել» Արսեն Թորոսյանին, նրանք կարդում են Թորոսյանի գրառումները, ուստի հույս ունեն, որ Թորոսյանը կգա վարչության նիստին և պարզբանումներ կտա, թե ինչպես է ստացվել, որ իր պաշտոնավարման ժամանակ կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ մեծ թվով գումարներ են մսխվել պետբյուջեից:
«Ինձ վաղուց պետք է կանչեին հարցաքննության». Արսեն Թորոսյանը միտում է տեսնում
Թերթը հայտնում է նաև, որ Արսեն Թորոսյանն իր գործունեության շուրջ իրավապահների ակտիվ քննչական գործողությունների հրապարակային դրսեւորումներից հետո դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հանդիպում խնդրել, սակայն մերժում է ստացել, ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը նրան չի ընդունել:
Հավելենք, որ վերը նշված չարաշահումների գործով կալանավորվել է Երևանի փոխքաղաքապետ, 2020-2022թթ. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։