ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսել է ԼՂ–ում էսկալացիայի վտանգի մասին։ ՀՀ վարչապետն այդ մասին ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։
«Ես փոխանցել եմ իմ տպավորությունները և ասել եմ, որ կարծում եմ` խնդիրներ կան ԼՂ–ում ՌԴ ուժերի պատասխանատվության գոտում»,– նշեց Փաշինյանը` ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։
Նա հիշեցրեց, որ օրեր առաջ ԼՂ ոստիկանության ծառայողների սպանությունը տեղի է ունեցել խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, ու դա նրա համար մտահոգիչ է։
«Ես հարկ եմ համարել այդ մտահոգությունները փոխանցել ՌԴ նախագահի»,– հավելեց Փաշինյանը։
Իսկ հարցին, թե ինչ է ասել Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի այս մտահոգության ի պատասխան, ՀՀ վարչապետը կոռեկտ չհամարեց պատասխանել` հավելելով, որ եթե պաշտոնական Մոսկվան հարմար գտնի, կհրապարակի։
Հիշեցնենք` երեկ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը և խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակը քննարկելիս Պուտինն ընդգծել է ծագող բոլոր հարցերը կառուցողական ճանապարհով լուծելու, ՌԴ խաղաղապահների հետ սերտ շփման և փոխգործակցության անհրաժեշտությունը:
Ավելի ուշ ՀՀ կառավարությունը հայտնեց, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Այդ համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը: