Հայկական բանակում երբևէ «5-րդ շարասյուն» չի եղել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական դավադրությունները քողարկում է պետության համար կյանք և առողջություն տված անմեղ, հայրենանվեր մարդկանցով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Փաշինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է «5-րդ շարասյուն»:
«Եթե Փաշինյանը կարող էր պաշտպանել Արցախն ու Հայաստանը, բայց մարդկանց ինչ–որ խմբեր խանգարել են նրան, ապա թող հրապարակի բոլոր այն զինվորականների ցուցակը, որոնք ներկայացրել են «5-րդ շարասյունը»։ Պատերազմի ընթացքում «5-րդ շարասյան» դեր է կատարել ՀՀ կառավարությունը` պետությունը խաղաղ իրավիճակից պատերազմական իրավիճակի տեղափոխելով և պետական կառավարումը ռազմական դրության իրավական ռեժիմին համապատասխան չիրականացնելով»,– ասաց Զաքարյանը։
Ըստ նրա` կա երկու ճանապարհ` կա՛մ համարում ենք, որ Նիկոլ Փաշինյանն իր բնավորությանն ու անպատասխանատու ոճի համապատասխան ստում է և այդկերպ փորձում է համոզել ժողովրդին, որ ինքը պատասխանատու չէ հսկայական տարածքների կորստի և պարտության համար, կա՛մ էլ եթե լուրջ ենք վերաբերվում Փաշինյանի հայտարարությանը, ապա պետք է պահանջենք, որ հիմնավորված, փաստարկված կերպով նա ապացուցի, թե պատերազմի օրերին բանակի շարքերում ովքեր, երբ, ինչ պայմաններում են ներսից իրականացրել վնասակար գործողություններ։
«Պատերազմից հետո մեր բանակի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ԱԱԾ–ն, ԱԳՆ–ն և այլ կառույցները վաղ թե ուշ պատմելու են այս իշխանության սխալ և ծանր հետևանքների հանգեցրած որոշումների և գործողությունների մասին, որոնք մեզ հասցրել են նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտին։ Եթե բոլորը մեղավոր են, բացի Փաշինյանից, ապա դա վկայում է դասական անպատասխանատու և անլուրջ գործելակերպի մասին»,– նշեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով վարչապետի դիտարկմանը, թե այսօր բարձրաստիճան շատ սպաներ մեղադրվում են տարբեր հանցանքների, լրտեսության, պետական դավաճանության համար` Զաքարյանն ընդգծեց, որ դրանք Քրեական օրենսգրքով մեղադրելի արարքներ են, բայց ոչ «5-րդ շարասյան» հավաստիացում։ Եթե ոմանք պատժվում են հանցանքների համար, նորմալ է, սակայն պարտության ամբողջ մեղքը 50 կամ 100 մարդու վրա գցելն առնվազն անպատասխանատվություն է։
«Պատերազմում են պետությունները, կռվում են բանակները։ Վատ կռվելու, հրամանները չկատարելու, գույքը փչացնելու, հակառակորդին տվյալներ փոխանցելու համար զինված ուժերում գործում է հստակ պատժիչ մեխանիզմ իրավական ողջ համակարգով, բայց քաղաքական պատասխանատվությունն ու պատերազմում կրած պարտությունը պետության ղեկավարի խնդիրն է։ Իսկ նրան ո՞վ է պատասխանատվության ենթարկելու արտաքին քաղաքականությունը ձախողելու և անվտանգային համակարգը խղճուկ վիճակում դնելու համար»,–հռետորական հարցադրում արեց նախկին փոխնախարարը։
Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությունը, թե 2018 թվականից հետո Հայաստանը ձեռք է բերել այնքան սպառազինություն, որքան նախորդ 10 տարիների ընթացքում նախկին իշխանությունները ձեռք չեն բերել, Զաքարյանը շեշտեց` դա սուտ է։
«Գործող իշխանությունը ձեռք է բերել ինքնաթիռներ, որոնք հրթիռներ չունեին, Հորդանանից ձեռք բերված համակարգեր, որոնք հայտնի չէ, թե որտեղ են գործել։ Փաստն այն է, որ մենք Փաշինյանի օրոք կորցրել ենք մեր ռազմավարական դիրքերը, տարածքներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից, թշնամուն է անցել Գորիս–Կապան ճանապարհի մի հատվածը։ Հիմա էլ Փաշինյանը բանակցում է ոչ մի բանի մասին` խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել–չճանաչելու մասին»,– ասաց Զաքարյանը։
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարի կարծիքով` 44-օրյա պատերազմում կրած պարտությունից երեք տարի հետո էլ Փաշինյանը փորձում է մեղավորներ փնտրել, մինչդեռ հնարավոր չէ, ըստ նրա, ստի ու կեղծիքի վրա կառավարում իրականացնել։