Իրանական հետախուզությունը ավելի քան 20 ահաբեկիչների է ձերբակալել

Իրանի ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Իրանի հատուկ ծառայությունները հայտնաբերել են նաև պայթուցիկ նյութեր, ձեռքի նռնակներ և ականանետեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Իրանական հետախուզությունը ձերբակալել է «Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպություն» (ԻԺՄԿ) ձախ արմատական խմբավորման 21 ահաբեկչի, նրանք ծրագրել էին մի շարք դիվերսիաներ անցկացնել երկրում: Տեղեկությունը հայտնում է Tasnim-ը՝ հղում անելով Իրանի հետախուզության նախարարության հայտարարությանը։
«Հաջողվել է հայտնաբերել և ձերբակալել ահաբեկչական խմբավորման մի քանի անդամների, ինչպես նաև հայտնաբերել պայթուցիկ նյութեր, ձեռքի նռնակներ ու ինքնաշեն ականանետեր... Թեհրանում ձերբակալվել է ԻԺՄԿ խումբը (21 մարդ)։ Նրանք պլանավորել էին մի շարք դիվերսիաներ և վանդալիզմի գործողություններ իրականացնել» , - նշված է հաղորդագրության մեջ:
ԻԺՄԿ խմբավորումը դերակատարություն է ունեցել Իրանական հեղափոխության և իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ։ Հեղափոխությունից և 1979 թվականին այաթոլլա Խոմեյնիի իշխանության գալուց հետո այս ձախ արմատական կազմակերպությունը սկսեց պայքարել Իսլամական Հանրապետության դեմ։ Իրանում խմբավորման գործունեության գագաթնակետը 1981 թվականի ահաբեկչությունն էր, որի զոհ դարձան Իրանի նախագահ Մոհամմեդ Ռաջային և երկրի վարչապետ Մոհամմեդ Բահոնարը։ Նույն թվականին խմբավորումը պայթյուն է կազմակերպել Իսլամական Հանրապետության կուսակցության խորհրդակցության ժամանակ, որի ընթացքում 73 պետական և կուսակցական գործիչներ են զոհվել։