ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ծառայողների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ զինծառայողներ ու զենք է տեղափոխվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշենք, որ երեկ` մարտի 13–ին, ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվությանը կից հրապարակել էին նաև մեքենաների փոքր շարասյան մի տեսանյութ:
«Ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում ոչ թե ռազմական, այլև արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող մեքենաներ են: Փրկարար ծառայողները շրջափակման հետևանքով Արցախում մնացած ՀՀ քաղաքացիություն ունեցող խաղաղ բնակիչներին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Շուշին շրջանցող լեռնային ճանապարհով ուղեկցել են դեպի Հայաստանի Հանրապետություն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվել է, որ հաշվի առնելով այդ ճանապարհի լեռնային ու խիստ դժվարանցանելի բնույթը՝ Արցախի փրկարարները ստիպված են եղել բարձր մեքենաներով կազմակերպել քաղաքացիների փոխադրումը:
«Իսկ ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթները՝ ապահովելու համար քաղաքացիական անձանց անվտանգությունը, առավել ևս մարտի 5-ի դիվերսիոն հարձակումից հետո առաջացած լրացուցիչ վտանգների պայմաններում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։
Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։