ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ մարզերում այս տարի նախատեսվում են 20 ամբուլատորիայի և 5 պոլիկլինիկայի կառուցման աշխատանքներ: Տեղեկություն հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Դրանցից 7-ը Արմավիրի մարզում են: Ամբուլատորիաները կտեղակայվեն Գայ, Ջրառատ, Շենավան, Տանձուտ, Վարդանաշեն, Խանջյան, Նորապատ բնակավայրերում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նորակառույց ամբուլատորային շենքային պայմաններին ծանոթանալու համար ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ այցելել է «Նալբանդյանի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ և դիտարկել նման ձևաչափով ամբուլատորիաներ կառուցելու հարցը:
Նախարարն այցելել է նաև «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն», ծանոթացել ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքներին և պետական աջակցությամբ ձեռք բերված սարքավորումներին:
Արմավիրի բուժկենտրոնի երեխայի զարգացման և վերականգնողական բաժանմունքում Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է կենտրոնի հնարավորություններին, տրամադրվող ծառայություններին: