Հայաստանն Արևմուտքից ռազմաքաղաքական աջակցության ակնկալիքներ ունի. Ռասմուսեն

Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարեց, որ եկել է Հայաստան, որպեսզի աջակցի ամրապնդելու Հայաստանի ու Արևմուտքի հարաբերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանն Արևմուտքից ռազմաքաղաքական աջակցության ակնկալիքներ ունի, սակայն ռազմական համագործակցության եզրերը դեռ մանրամասն չեն քննարկել։ Այս մասին այսօր Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության երկար պատմություն ունի, որը կարելի է ընդլայնել` ներգրավելով նաև Եվրամիությանը։ Օրինակ՝ ԵՄ-ն ունի եվրոպական խաղաղության համակարգ, որը կարող է հանդիսանալ որպես համագործակցության շրջանակ՝ Հայաստանի և Եվրամիության միջև»,-ասաց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։
Անդերս Ֆոգ Ռասմուսենը հավելեց, որ եկել է Հայաստան ՀՀ կառավարության հրավերով, որպեսզի աջակցի ամրապնդելու Հայաստանի ու Արևմուտքի հարաբերությունները։
«Ցանկանում ենք աջակցել ՀՀ կառավարությանը, որպեսզի էլ ավելի բարձր մակարդակի հասցնի ԵՄ–ի հետ քաղաքական երկխոսությունը, որը կներառի նաև անվտանգության քաղաքականության թեմայով երկխոսություն»,- ասաց Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Ըստ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի` ԵՄ–ն լայն գործիքակազմ ունի, որը կարող է օգտակար լինել Հայաստանի համար։ Բացի այդ, Հայաստանը միջազգային գործընկերների էլ ավելի լայն շրջանակների կարիք ունի, քան կա այսօր։
Ինչ նպատակով է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը եկել Հայաստան. քաղաքագետի մեկնաբանությունը
Նշենք, որ այս օրերին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը Հայաստանում է։ Նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Փաշինյանը և Ռասմուսենը հանդիպել էին նաև փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Անդերս Ֆոգ Ռասմուսենն այցելել է նաև Լաչինի միջանցքի սկզբնամաս։