ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին։ Այս մասին ասված է հիմնադրամի ֆյեսբուքյան էջում։
«Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին` այս անգամ նվիրաբերելով 211,000կգ կարտոֆիլի սերմ և 21,600 լ արևածաղկի ձիթայուղ»,– նշվում է հաղորդագրությունում:
Հիմնադրամից նաև շեշտում են, որ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» հիմնադրամն առաջին փուլով 100 տոննա պարենամթերք է նվիրաբերել ՀՀ–ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը:
Նշենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվել է նաև Արցախի հարցը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։