Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Բրյուսովի համալսարանի ժամանակավոր խորհրդի կազմը

ԲՊՀ
Ժամանակավոր խորհրդի կազմում է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որը միաժամանակ նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ժամանակավոր խորհրդի կազմը։ Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի մարտի 9-ի N 115-Ա հրամանով՝ հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհուրդը»,– նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նախարարի հրամանով` խորհուրդը կազմված է 3 անդամներից։ Նրանք են՝ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։
Նշենք, որ դեռ մարտի 9-ին Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պարտականությունները ժամանակավոր կատարող Ցոլակ Ակոպյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Գրիգոր Մինասյանի հրամանը ժամանակավոր խորհուրդ ստեղծելու մասին և անդրադարձել հարցին։ Նրա խոսքով` որոշումն անակնկալ էր, քանի որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շուրջ երկու ամիս է` հանրությանը հավաստիացնում էր, որ համալսարանում, սահմանված կարգի համաձայն, հոգաբարձուների խորհուրդ է ձևավորվելու։ Նշենք, որ Հոգաբարձուների խորհուրդը լուծարվել էր նախորդ տարվա դեկտեմբերի վերջին։
«2 ամսվա ընթացքում ԿԳՄՍ-ն այդպես էլ չասաց, թե այդ ինչ խախտում է եղել հոգաբարձուների խորհրդի դասախոսական կազմի ընտրության ժամանակ, ինչի պատճառով գնացիք այս ծայրահեղ քայլին։ Մենք պատրաստ էինք նաև իրադարձությունների նման ընթացքին։ Ի դեպ, շահերի բախման տեսանկյունից կարծում եմ, որ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ տիկին նախարարը չպետք է լիներ այս ցանկում»,– գրել է Ակոպյանը։
Ակոպյանը իր գրառման մեջ տեղեկացրել է, որ արդարադատության նախարարի այս որոշումը բուհը վիճարկելու է դատարանում։
Նա նաև հիշեցրել է, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն, եթե մարտի 9-ից սկած 6 ամսվա ընթացքում հոգաբարձուների խորհուրդ չի ձևավորվում, ժամանակավոր խորհուրդը պետք է դիմի դատարան բուհը լուծարելու համար։
Ուստի դիմել է բրյուսովցիներին` կոչ անելով միավորվել և արագ ձևավորել Հոգաբարձուների խորհուրդը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Բրյուսովի համալսարանի ռեկտորի խորհրդականի խուլիգանության գործն ուղարկվել է դատարան
Դեկտեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։ Մասնավորապես, ըստ ՊՎԾ–ի, բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն ինքն իրեն հատկացրել էր 5,44 մլն դրամի չափով պարգևատրում և լրավճար։
Արդեն այս տարվա հունվարի 31-ին ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն տարածեց, թե համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը։