Գերմանիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել ԼՂ հակամարտության լուծմանը. Շոլցը` Ալիևին

Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ խաղաղ կարգավորումը պետք է իրականացվի «Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի» հիման վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բեռլինում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Մենք համակարծիք ենք, որ այժմ կարևոր նշանակություն ունի այն հանգամանքը, որ Հայաստանի և Ադրբեջանի բազմամյա հակամարտության խաղաղ կարգավորման ձգտումը պետք է ուժեղացնել»,– ասել է Շոլցը։
Նա ընդգծել է, որ Գերմանիան մտահոգված է Ղարաբաղում ստեղծված իրավիճակով։ Նրա խոսքով` անհրաժեշտ է արագ կերպով հակամարտությունը հասցնել ամուր և կայուն վիճակի` հանուն Ղարաբաղի բնակչության։ Միևնույն ժամանակ Շոլցը նաև վստահեցրել է, որ Գերմանիան պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել այդ հարցում։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով Հայաստանում ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: