Երաշխիքի հարց կա` գնացին Բաքու, հետ կգա՞ն, թե՞ չէ. Փաշինյանը` Ադրբեջանի առաջարկի մասին

Բաքու
Գործադիրի ղեկավարը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է լինեն Արցախի կողմից «խոսողը», որպեսզի իրենց ակնկալիքները բավարարելու հնարավորություն ստանան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Երաշխիքի խնդիր կա` գնացին Բաքու հանդիպման, հետ կգան, թե ոչ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե պաշտոնական Երևանն ինչպես է վերաբերվում Ադրբեջանի առաջարկին։ Հիշեցնենք` Ալիևի աշխատակազմից առաջարկ էր ուղարկվել Արցախ` Բաքվում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։
Վարչապետի խոսքով` այո, քննարկում պետք է լինի, և պետք է խոսեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։
«Երբ Հայաստանն այդ թեմայով խոսող առաջնային սուբյեկտն է, անընդհատ Արցախից խեթ հայացքներ են, կասկածներ` «վայ, էդ ի՜նչ դավադրություններ են»։ Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներն իրենք պետք է խոսեն, որպեսզի և՛ էդ պատասխանատվությունը լինի իրենց կողմից, և՛ իրենց ակնկալիքների բավարարման ու ձևակերպումների, սկզբունքների հետապնդման հնարավորություն ստանան»,– նշեց Փաշինյանը։
Նրա կարծիքով` պետք է միջազգային որոշակի մեխանիզմ լինի, որը կերաշխավորի «խոսակցությունների շարունակականությունը»։
«Ասենք` Ադրբեջանն է, երկու անգամ խոսեց, ասաց` «հոգնեցի, էլ չեմ խոսում»։ Կամ անվտանգությունն ու իրավունքները դարձան հանկարծ ինտեգրացիա, ինտեգրացիայից հետո դարձան ուրիշ բան։ Մենք չենք պատրաստվում որևէ կերպ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ տալ»,– շեշտեց Փաշինյանը։
Ըստ նրա` միջազգային մեխանիզմի մի քանի գաղափարներ կան, դրանցից մեկն, օրինակ, կարող է փաստահավաք առաքելությունը դառնալ։