Covid-19-ի շրջանում փողերի լվացման գործով կալանավորվել է նաև «Մեդլայնի» փոխտնօրենը

Կալանքը սահմանված է 2 ամսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի փոխտնօրենը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։
««Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լ. Հ.–ն կալանավորվել է 2 ամսով»,–մանրամասնեցին կոմիեից։
Նշենք, որ Covid-19-ի շրջանի (2020-2021թթ–ին) հետ կապված չարաշահումների վերաբերյալ գործով Լ.Հ.–ն նոր «խաղացող» է։ Նախաձեռնված հանրային քրեական հետապնդման վարույթի շրջանակում ավելի վաղ ձերբակալվել էին «Մեդլայն Կլինիկ»–ի 8 աշխատակիցներ, որոնք երեկ` մարտի 13–ին, ազատ արձակվեցին։
Նույն գործով մարտի 10–ին ձերբակալվել էին նաև «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ–ի տնօրեն Բ. Շ.-ն, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն և Երևանի փոխքաղաքապետ, նախկինում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։
Ընդհանուր ձերբակալված 11 անձից կալանքի միջնորդություն էր ներկայացվել 3 անձի նկատմամբ։
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը մարտի 12–ին կալանավորվել է։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):