ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Գևորգ Պետրոսյան
Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Փաստական տվյալներ են ստացվել, որ մարտի 12-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, Պետրոսյանը, չենթարկվելով ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների օրինական պահանջներին, միջամտել է նրանց ծառայողական գործունեությանը։ Նա թույլ չի տվել, որ ոստիկանության աշխատակիցները ստուգեն իր փաստաթղթերը և սթափության զննություն անցկացնեն։
«Սպառնացել է պարեկի նկատմամբ գործադրել նրա առողջությանը վնաս պատճառելու նպատակ հետապնդող բռնություն, ապա անտեսելով ավտոմեքենայից դուրս գալու իրեն ուղղված պահանջները` վարել է մեքենան և հեռացել նշված վայրից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
Միջնորդությունը բավարարվել է, և այսօր Պետրոսյանին ներկայացվել է մեղադրանք։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ մարտի 12–ի վաղ առավոտյան Գևորգ Պետրոսյանը հայտնեց, որ իրեն ձերբակալել են ծիծաղելի հոդվածով։
Փաստաբան Ասլանյանն ավելի ուշ հայտարարեց, որ Պետրոսյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած կասկածով։
ՀՀ ոստիկանությունից էլ հայտնեցին, որ պարեկները Աբովյան–Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մակնիշի մեքենա, որի վարորդն անկանոն է վարել մեքենան ու փորձել են կանգնեցնել նրան։ «Կանգ առ» օրինական պահանջին վարորդը չի ենթարկվել, հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգման, ինչպես նաև սպառնացել է պարեկներին ու փախուստի դիմել։ Իրավապահները Ծարավ աղբյուրի փողոցում հետապնդել են վարորդին, արդյունքում կարողացել են հարկադրաբար կանգնեցնել մեքենան։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նույն օրը Գևորգ Պետրոսյանն ազատ արձակվեց։