ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ԵՄ-ն պետք է օգտագործի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, որպեսզի նրան դրդի վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և կատարել իր միջազգային պարտավորությունները։
Այս մասին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը գրել է ֆեյսբուքի իր էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Անդերս Ֆոգ Ռասմուսեն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս։
«Այսօր այցելեցի Լաչինի միջանցք, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։ Անցյալ տարվա դեկտեմբերին այն արգելափակվել էր ադրբեջանցիների կողմից»,–գրել է նա։
Անդերս Ֆոգ Ռասմուսեն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 120.000 բնակիչներ մնացել են շրջափակման մեջ` զրկվելով հիմնական ապրանքներից և ծառայություններից, այդ թվում՝ կյանքի փրկող դեղամիջոցներից և բուժօգնությունից։
«Եվրոպան չի կարող փակել իր աչքերը տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի վրա։ ԵՄ-ն պետք է օգտագործի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ` նրան մղելով վերացնել Լաչինի շրջափակումը և կատարել իր միջազգային պարտավորությունները։ Եթե մենք դա չանենք, հումանիտար ռիսկերը կարող է դառնալ հումանիտար աղետ»,–գրել է նա։
Հիշեցնենք` 2022 թ. դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։